Եվս մեկ քայլ դեպի հաշտեցում
17:11, July 27, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թվականի հունիսի 6-ից 14-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում տեղի ունեցավ «Հաշտեցում. խաղաղության կառուցում հիշողությունների միջոցով» (“Reconciliation: Building Peace Together Through Remembrance”) թեմայով դասընթաց, որին մասնակցում էին մի խումբ երիտասարդներ եվրոպական, մասնավորապես՝ Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ և Հարավային Կովկասի 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Դասընթացի հիմնական նպատակն էր ընդհանուր հարթակ ստեղծել մասնակից երկրներում խաղաղասիրության ոլորտում ներգրավված երիտասարդների համագործակցության համար, որի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան միմյանց հետ կիսելու իրենց երկրների պատմության նշանակալի իրադարձությունների, դրանց վերաբերյալ իրենց ընկալումները: Եվրոպական երկրների մասնակիցները ներկայացրեցին նաև իրենց երկրներում հաշտեցման օրինակները, ինչը ոգևորություն և դրական տրամադրվածություն առաջացրեց այն երկրների ներկայացուցիչների շրջանում, որոնք դեռևս գտնվում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում՝ փնտրելով հաշտեցման ուղիներ:
Դասընթացի տեսական մասն ընդգրկում էր խմբային աշխատանքների միջոցով կոնֆլիկտի հասկացության և տեսակների սահմանումը, տեսաֆիլմերի և գծապատկերների միջոցով կոնֆլիկտի ասպեկտներին և փոխակերպման փուլերին ծանոթանալը, ինչպես նաև կոնֆլիկտի վերլուծության գործիքների ներկայացումը:
Ծրագիրը ներառում էր նաեւ Զուգդիդի քաղաքում գործող «Աթինաթի» կազմակերպության գրասենյակ այցելություն, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան խաղաղասիրության ոլորտում կազմակերպության գործունեությանը: Նրանք նաև հնարավորություն ունեցան հանդիպելու ԵՄ դիտորդական առաքելության Զուգդիդիի ներկայացուցչության աշխատակիցներին, որոնք ներկայացրեցին վրաց-աբխազական կոնֆլիկտի զարգացման փուլերը և իրենց դիտարկումների արդյունքները: Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ներկայացրեց Թբիլիսիում գործող «Խաղաղության և Զարգացման Ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Գեորգի Կակուլիան:
Դասընթացի ամենանշանակալից դրվագներից էր հայ և ադրբեջանցի մասնակիցների փոխգործակցությունը, որը հիմնված էր երկու երկրների դիրքորոշումների և տեսակետների նկատմամբ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և հետագա համագործակցության պատրաստակամության վրա: