Լոռու մարզի չորս գյուղեր մեկ բժշկական կենտրոնից են օգտվում. շտապօգնությունը Վանաձորից է հասնում
14:46, September 27, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԼոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Մ. Ղումաշյանը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ արդեն 6 ամիս է, ինչ անհիմն ձևով շահագործումից հանվել է իրենց գյուղի շտապօգնության մեքենան, իսկ Վանաձորից ժամանող շտապօգնության մեքենաներն էլ կարճ ժամանակում չեն կարողանում հասնել, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների:
Քաղաքացին հիշատակել է վերջերս գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարը, որից տուժած երկու երիտասարդներ մահացել են շտապօգնության մեքենայի ուշացման պատճառով: Ականատեսների պնդմամբ՝ շտապօգնությունը շուրջ կես ժամ անց է միայն հասել դեպքի վայր:
Մ. Ղումաշյանը խնդրին անդրադարձել է նաև Հայկական ժամանակ լրատվական կայքին տված հարցազրույցում, որում վերջինս ահազանգում է մարզկենտրոն Վանաձորից շուրջ 25 կմ հեռավորության վրա գտնվող Մարգահովիտ, Լերմոնտովո, Ֆիոլետովո և Անտառաշեն գյուղերի՝ ընդհանուր թվով 5000-ի հասնող ազգաբնակչության բուժսպասարկումը մեկ բժշկական կենտրոնի կողմից իրականացնելու մասին ևս՝ նշելով, որ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում:
Վերոնշյալի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Առողջապահության նախարարություն՝ նշված գյուղերի ազգաբնակչության կյանքի և առողջության պահպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հարցով: Նախարարությունից գրությունը վերահասցեագրվել է ՀՀ Լոռու մարզպետարան:
Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանից, չնայած նրան, որ Մարգահովիտի բժշկական կենտրոնում առկա են անհրաժեշտ աշխատանքային պայմանները, և հարակից գյուղերի բնակչությանը բժշկական օգնություն է տրամադրվում նաև տնային այցերի միջոցով մինչև ժամը 18:00-ը, այնուամենայնիվ Կենտրոնը չունի համապատասխան ռեսուրսներ՝ շուրջօրյա շտապ բուժօգնություն տրամադրելու համար, և այն իրականացվում է Վանաձորի բժշկական կենտրոնի համապատասխան ծառայության կողմից:
Մարզպետարանից հավելում են, որ այդ եղանակով բնակչությունը հնարավորություն ունի՝ ավելի որակյալ բժշկական օգնություն ստանալու:
Ինչ վերաբերում է Մարգահովիտի բժշկական կենտրոնի հաշվեկշռում առկա «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ապա այն, համաձայն մարզպետարանից ստացված գրության, այլևս շահագործման ենթակա չէ: