Լիա Միսակյանի գործող հարցաքննվեցին հիվանդանոցի լաբորանտն ու բոքսային բաժանմունքի մայրապետը
18:19, November 27, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2014 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սույն դատական նիստի ընթացքում սկսվեց մեղադրանքի կողմի միջնորդությամբ հրավիրված լրացուցիչ վկաների հարցաքննությունը: Դատական նիստին չէին ներկայացել դատաբժիշկ Ս. Սևոյանը, ով նախապես հայտնել էր դատարանին, որ գործուղման պատճառով գտնվում է ԼՂՀ-ում: Դատական նիստին չէր ներկայացել նաև 2013 թ. հունվարի 1-ի հերթապահ մայրապետ Մանյակ Գրիգորյանը. պարզվեց, որ վերջինս դեռևս 2013 թ. մայիսին ազատվել է աշխատանքից և այժմ բնակվում է Ֆրանսիայում: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին երկու վկա՝ «Արաբկիր» ԲԿ-ի լաբորատորիայի 2012 թ. դեկտեմբերի 31-ի հերթապահ լաբորանտ Նաիրա Քոչարյանը և 2013 թ. հունվարի 1-ի բոքսային բաժանմունքի մայրապետ Ռուզաննա Օհանյանը:
Լաբորանտ Ն. Քոչարյանը մեղադրողի հարցերին ի պատասխան նշեց, որ արյան անալիզի ընդհանուր քննության դեպքում նախնական արդյունքները ստացվում են մի քանի րոպեի ընթացքում, ընդ որում, լեյկոցիտների և լեյկոֆենիայի վերաբերյալ տեղեկությունները 3-4 րոպեի ընթացքում ստացվում են: Վկան նշեց, որ լեյկոցիտների շեղումներ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղյակ են պահում բուժող բժշկին, ինչը հիմնականում կատարվում է զանգի միջոցով, իսկ վերջնական անալիզի պատասխանը գրառվում է լաբորատորիայի բժշկի կողմից, ով տոնական օրերին գտնվում է տնային հերթապահության մեջ և կարող է կանչվել հիվանդանոց ըստ անհրաժեշտության:
Տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի հարցին ի պատասխան, սակայն, վկան չկարողացավ հիշել, թե ով է եղել այդ օրը տնային հերթապահ բժիշկը և նշեց, որ նրան կանչելու անհրաժեշտություն իր հերթապահության ժամանակ չի եղել: Ն. Քոչարյանը նշեց, որ Լիա Միսակյանի անալիզի նմուշներն իր հերթապահության ընթացքում լաբորատորիայի չեն փոխանցվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ ըստ բուժքույր Լարիսա Վարդանյանի ցուցմունքի, վերջինս Լիա Միսակյանի արյան նմուշները վերցրել է հունվարի 1-ին՝ 7:30-ից 8:00-ի սահմաններում և հանձնարարել մայրապետին փոխանցել լաբորատորիա: Տ. Սիրադեղյանը հետաքրքրվեց, թե այդ ընթացքում Լիա Միսակյանի արյան նմուշները փոխանցվել են Նաիրա Քոչարյանին, թե ոչ: Վերջինս պատասխանեց, որ հերթապահության ավարտին 8:00-9:00 հանձնված անալիզները, ըստ սահմանված կարգի, չեն կատարվում, բացառությամբ՝ վերակենդանացման բաժանմունքից ստացված և շտապ ցուցումով անալիզների, դրանք փոխանցվում են լաբորատորիայի՝ հերթապահությունը ստանձնած աշխատակիցներին: Ն. Քոչարյանը հերթապահության հանձնման-ընդունման հստակ ձև չնշեց, հայտնեց, որ չկատարված արյան նմուշները դրվում են լաբորատորիայի սեղանին, և հերթապահությունը ստանձնած աշխատակիցները կատարում են սեղանին դրված նմուշների անալիզները:
Լիլիթ Վարդանյանի պաշտպանի հարցին ի պատասխան վկա Ն. Քոչարյանը հայտնեց, որ շեղումների դեպքում կազմվում է կարճ անալիզի պատասխան, որը փոխանցվում է հերթապահ բժշկին:
2014 թ. նոյեմբերի 27-ի դատաքննության ընթացքում հարցաքննվեց նաև վկա, բոքսային բաժանմունքի 2012 թ. դեկտեմբերի 31-ի հերթապահ մայրապետ Ռ. Օհանյանը: Նա նշեց, որ Լիա Միսակյանն ընդունվել է հիվանդանոց 2012 թ. դեկտեմբերի 31-ին՝ 21:00-ի սահմաններում, երեխային բոքսային բաժանմունքի 4-րդ հիվանդասենյակում տեղավորել է ինքը, նշեց, որ երեխան եղել է առողջ, շատ ուրախ: Մայրապետը նշեց, որ անալիզների նմուշների լաբորատորիա փոխանցումը և դրանց հիման վրա կատարված անալիզի պատասխանները բաժանմունք տանելը մտնում են իր պարտականությունների մեջ: Ռ. Օհանյանը մեղադրողի հարցերին ի պատասխան նախ նշեց, որ Լիա Միսակյանի արյան անալիզի նմուշները լաբորատորիա փոխանցել է 2013 թ. հունվարի 1-ին 08:00-08:10 ընկած ժամանակահատվածում: Մեղադրողը նշեց, որ բուժքույր Լարիսա Վարդանյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ երեխայի ընդունվելուց հետո վերցրել է արյան նմուշները և տվել Ռ. Օհանյանին լաբորատորիա փոխանցելու համար: Վկան պատասխանեց, որ ինքը երկու անգամ է արյան նմուշներ տարել լաբորատորիա՝ նախ դեկտեմբերի 31-ին 21:00-ից հետո, իսկ այնուհետև՝ հունվարի 1-ի առավոտյան: Վկան չկարողացավ հիշել դեկտեմբերի 31-ին կոնկրետ որ ժամին է տարել արյան նմուշները, սակայն նշեց, որ երեխայի արյան նմուշները վերցվել են գործողությունների սենյակում Լարիսա Վարդանյանի կողմից, ներկա է գտնվել նաև երեխայի մայրը, ինքը սպասել է միջանցքում, անալիզների նշումները վերցնելուց հետո Լարիսա Վարդանյանն իրեն փոխանցել է արյան անալիզի նմուշները, որն էլ ինքը փոխանցել է լաբորանտ Նաիրա Քոչարյանին:
Տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի հարցերին ի պատախան վկան ևս մեկ անգամ պնդեց, որ Լիա Միսակյանից երկու անգամ են վերցվել արյան նմուշներ և ինքը երկու դեպքում էլ դրանք փոխանցել է լաբորատորիա, սակայն արյան քննության անալիզի պատասխաններ չի վերցրել: Բացի այդ, վկան նշեց, որ երեխայի վիճակը լավ էր, երեխային մեկ անգամ տեսել է Լարիսա Վարդանյանի հետ միջանցքում քայլելիս, իսկ իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը մայրապետը գնահատեց սովորականի նման, նորմալ: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վկան հստակ հիշում է, որ հունվարի 1-ին անալիզները 08:00-08:10-ի սահմաններում է տարել, վկան պատասխանեց, որ երբ Լիա Միսակյանի մայրիկին հայտնել է, որ երեխային տանեն գործողությունների սենյակ, եղել է 07:50: Վերջին հանգամանքը վկան հիշում էր, քանի որ, ըստ իր խոսքերի, այդ ընթացքում նայել էր ժամին:
Վկա Ռ. Օհանյանին հարցեր ուղղեց նաև նախագահող դատավոր Լ. Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ Լարիսա Վարդանյանը և լաբորանտը դատաքննական ցուցմունքներում հայտնել են, որ դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանի արյան նմուշներ չեն վերցվել և լաբորատորիա չեն փոխանցվել: Դատավորի խոսքից հետո վկա Ռ. Օհանյանը նշեց, որ հնարավոր է ինքը շփոթում է Լիա Միսակյանի դեպքը մեկ այլ երեխայի դեպքի հետ:
Այսքանով վկաների հարցաքննությունն ավարտվեց, դատաբժշիկ Ս. Սևոյանի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 10:30-ին: