Միայն կենացներով, փայլուն խոսքերով չէ, որ պետք է խոսել բանակի մասին. դա համարժեք չէ այն իրավիճակին, որում գտնվում ենք. Արթուր Սաքունց
16:26, January 28, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԲանակի օրվա առթիվ Newsline-ը զրուցեց իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ:
– Վերջին շրջանում Հայաստանում մեծարվում է Պաշտպանության նախարարությունը, կարծիքներ են հնչում, թե ՊՆ-ն միակ աշխատող կառույցն է: Իրականում այդպե՞ս է:
– Կառավարման ընդհանուր համակարգն այնքան անմխիթար վիճակում է գտնվում, որ այդ ֆոնի վրա Պաշտպանության նախարարությունը աշխատող կառույց է երևում: ՊՆ-ն, որպես անվտանգության գործառույթ իրականացնող կառույց, սահմանների պաշտպանությունն ապահովող կառույց, առանձնանում է, որովհետև մյուս բոլոր՝ օրինակ նախագահի, արտգործնախարարի ինստիտուտները, ընդհանրապես գոյություն չունեն, դրանք ընդհանրապես չեն աշխատում: Վատի և առավել վատի միջև համեմատության սկզբունքն է գործում, ուրիշ ոչինչ:
Այն, որ Զինված ուժերում խոշոր խնդիրներ կան, անվիճելի փաստ է: Զորակոչի հետ կապված մեծ խնդիրներ կան, կոռուպցիայի: Հո այս ամենը չի՞ հաղթահարվել: Պարզապես պետական մյուս գերատեսչությունների «աշխատանքի» պատկերի վրա ՊՆ-ն մի փոքր այլ է երևում: Հանրային ընկալմանը եթե հետևենք, անվտանգության խնդիրը, որը հայերի համար գերակա է, ՊՆ շրջանակներում է գտնվում և դրա համար ձևավորված է դրական կարծիք:
Միայն շնորհավորանքներով, կենացներով, փայլուն խոսքերով չէ, որ պետք է խոսել բանակի մասին: Դա համարժեք չէ այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք:
– Ո՞րն է Զինված ուժերում առավել հրատապ լուծում պահանջող խնդիրը:
– Երբ մենք փորձենք առանձին բնագավառներում խնդիրները լուծել «առավել հրատապ» մոտեցմամբ, կձախողենք, որովհետև պետք է գիտակցել, որ նույնիսկ նման խնդիրների լուծումը հնարավոր է քաղաքական լուրջ փոփոխությունների արդյունքում: Կա խնդիրները լուծելու սահմանափակում, ինչը պայմանավորված է քաղաքական կամքի բացակայությամբ: Եվ որքան էլ փորձես ինչ-որ բան փոխել, ինչ-որ հարցի վրա կենտրոնանալ ու դա լուծել, չի լինելու՝ անիմաստ զբաղմունք է, որովհետև քաղաքական իշխանության խնդիր կա: Իշխանությունն անորակ է, դրա համար չի կարող կենսականություն ունեցող խնդիրներին լուծում տալ:
– Պարո՛ն Սաքունց, օրինակ, Ձեր վերջին զեկույցը, որը նվիրված էր առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին, արդյոք կլուծվի քաղաքական կամքի առկայության արդյունքում:
– Այո՛, առողջական լուրջ խնդիրներով երեխաներին զորակոչում են բանակ, ինչո՞ւ, որովհետև թվաքանակի հետ կապված խնդիր կա՝ պայմանավորված արտագաղթի բարձր տեմպերով: Իսկ արտագաղթի պատճառը ո՞րն է. իշխանությունը պատշաճ տնտեսական քաղաքականություն չի իրականացնում, կոռուպցիոն է, ուստի մարդիկ հեռանում են երկրից: Բանակը ստեղծող չէ, սպառող է, սպառում է այն, ինչ որ կա: Ուստի փորձերը՝ որևէ խնդիր լուծելու, հենց թեկուզ զորոկոչիկների հարցը, դատապարտված է: Եթե լինի քաղաքական կամք, հասկանան, որ առողջական լուրջ խնդիրներ ունենալու դեպքում չպետք է բանակ տանեն, չեն տանի: Բայց իշխանությունները ղեկավարվում են ոչ թե երկրի, քաղաքացիների շահերով, այլ իրենց:
Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների թիվը ոչ միայն մեծանում է, այլև, ինչն առավել մտահոգիչ է, փոխվում է վերաբերմունքը նրանց նկատմամբ: Վերաբերմունքն առողջական խնդիրներին, դրանք պատշաճ հետազոտելուն, ցինիկ է դարձել, շատ ավելի մակերեսային են մոտենում հարցին, ձևական: Խնդիր կա՝ թվաքանակ, ու ամեն գնով ապահովում են էդ թվաքանակն, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողների հաշվին:
– 2014-ն ամփոփոխ Ձեր զեկույցում գրված է, որ վերջին չորս տարիներիընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությանդեպքերը կազմել են ընդհանուր մահացության թվի 28 տոկոսը, մինչ դեռ 2014-ին թիվը կտրուկ բարձրացել և կազմել է գրեթե 57 տոկոս: Սա նշանակում է, որ մեր բանակի պատրաստվածությունը թույլ չի՞ տալիս դիմագրավել ադրբեջանական լայնամասշտաբ սադրանքներին:
– Այն, որ ադրբեջանական կողմից դիվերսիաների, կրակոցների, սադրանքների թիվը մեծացել է, փաստ է, և դրանով է պայմանավորված զոհերի թիվը: Բայց մյուս կողմից էլ զոհերի թվի կրճատման համար այս տարիներին պետք էր սահմանում մարտական հերթապահության իրականացման համար տեխնիկական միջոցների ներդրումը մեծացվեր և սա թույլ կտար նվազեցնել մարդկային կորուստները: Բանակն այնքանով է դիմակայում, որքանով այս պահին ի վիճակի է: Խնդիրն այն բանում է, որ մարտական պատրաստվածությունը, տեխնիկական զինվածությունը, այսինքն՝ պրոֆեսիոնալ բանակ ասվածի ապահովումը, պետք է ներդրումների միջոցով բարելավվի: Սրան զուգահեռ իշխանություններն արտաքին քաղաքականության բնագավառում պետք է աշխատանքներ տանեն, քայլեր ձեռնարկեն, որ լարվածությունը մեղմվի, բայց մեր արտաքին քաղաքականությունը ձախողումների մի մեծ շարք է: Հյուսիսային Կորեան, որն ակնհայտ բռնապետական, ռազմականացված երկիր է, հո Հարավային Կորեայի հետ ռազմական գործողությունների մեջ չի՞ մտնում, ո՛չ, այնպես են անում, որ լարվածությունը թուլանա:
– Ասացիք, որ պետք է տեխնիկական միջոցների ներդրումը մեծանա:Ինչո՞ւ ներդրումներն այդ ուղղությամբ չեն արվում և կան արդյոքհամապատասխան ռեսուրսներ, միջոցներ:
– Հայտնի գոմեշի մսի հետ կապված Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո պատասխանատվության են ենթարկում միայն մատակարարող կոմբինատի տնօրենին, գլխավոր շտաբի պետի տեղակալին հեռացնում են, իսկ գլխավոր պետի վերաբերյալ, ով պատասխանատուն է, մի խոսք Սերժ Սարգսյանի կողմից չենք լսել: Մի բան չասեց գլխավոր շտաբի մասին: Ակնհայտ հովանավորություն կա: Անհեթեթ է նման հարց դնել մի մարդու կամ քաղաքական ուժի առջև, որի նպատակը իշխանությունը պահելն է, ոչ թե փոփոխությունը: Քիչ առաջ կարդացի, թե լրագրողների դիտարկմանը, որ դուք գերագույն գլխավոր հրամանատարն եք, էդ մարդն ասել է՝ իյա՜, լո՞ւրջ: Սա ցինիկ վերաբերմունք է, սա պատասխանատու մարդու պահվածք չէ:
Աղբյուրը՝ newsline.am