ՀԿ-ն ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքեր է արձանագրել
16:35, April 28, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015 թվականի առաջին եռամսյակում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 56 դեպք է արձանագրել՝ դիտարկելով 15 առցանց լրատվամիջոցների հոդվածներն ու հրապարակումները։
Այսուհետ իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստվում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ներկայացնել ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն։
«Ազատության» հետ զրույցում խոսելով նախաձեռնության նպատակից՝ կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ ոստիկանությունը պարբերաբար հրապարակայնացնում է քաղաքացիների կողմից իրավախախտումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, բայց իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների խախտումների համակարգված և պարբերական զեկույցները բացակայում են։
«Նման տեղեկությունները, բնականաբար, պետք է տրամադրվեին Հատուկ քննչական ծառայության կողմից, բայց, ցավոք սրտի, Հատուկ քննչական ծառայության կողմից նման տեղեկություններ չենք ստանում», – ասաց Սաքունցը։
Եվ այսպես, 2015 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 56 խախտման դեպքերից 19-ի դեպքում ոտնահարվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը, 12-ի դեպքում՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, 7-ի դեպքում` անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, 4-ի դեպքում` ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը, և այլն։
Ամփոփելով եռամսյակային հաշվետվությունը՝ Սաքունցը ասաց. – «Ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումների սպեկտրը բավական լայն է, սա՝ մեկ, երկրորդը՝ չնայած բազմաթիվ թրեյնինգներին և այլն, այնուամենայնիվ, հավաքների ժամանակ քաղաքացիների իրավունքների խախտումները դեռևս որպես պրակտիկա չի վերացված՝ սա նույնպես պետք է արձանագրվի»։
Աղբյուրը՝ www.azatutyun.am