2018 թ. ապրիլի 17-25-ը տեղի ունեցած ցույցերին առնչվող՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած 19 հաղորդումներով 9 քրեական գործ է հարուցվել. ցույցերին առնչվող քրեական գործերի և դրանց ընթացքի մասին տեղեկատվություն են տրամադրել նաև իրավապահ մարմինները
18:15, May 28, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին 19 հաղորդումների հիման վրա հարուցվել է 9 քրեական գործ (կամ կցվել են արդեն իսկ հարուցված քրեական գործերին):
ՀՀ Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումներ է ուղարկվել 5, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ 3, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ 2 հաղորդում: Եվս 1-ով նախապատրաստվում են նյութեր: 1 հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել:
Լրագրողների մասնագիտական գործունեությունը բռնությամբ խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած 2 հաղորդումների հիման վրա հարուցվել են քրեական գործեր ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Դրանք վերաբերում են 2018 թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում factor.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի ու նրան օգնության հասած օպերատորի նկատմամբ, ինչպես նաև ապրիլի 21-ին Արտաշատի ճանապարհին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքերին:
Լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնությանը տարածքում գտնվող ոստիկանների չմիջամտելու մասով արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննություն կիրականացնի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Ցույցերին մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին 3 հաղորդում ենք ներկայացրել:
Հանցագործության մասին հաղորդումները վերաբերում են Երևանի 152-րդ դպրոցում աշակերտներին փակի տակ պահելուն (http://archive.hcav.am/events/25-04-2018-012/), Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզի գյուղապետերին դասադուլներ թույլ չտալու հրահանգ տալուն https://bit.ly/2I8Jufp, ապրիլի 22-ին Մասիսի քաղաքապետարանի և ոստիկանների կողմից Հովտաշեն և Խաթունարխ գյուղերի բնակիչների՝ դեպի Երևան երթը խոչընդոտելուն:
Առաջին 2 դեպքում հաղորդումներն ուղարկվել են համապատասխանաբար՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազություն և Արմավիրի մարզի դատախազություն:
Ավելի ուշ ստացանք Երևանի 152-րդ դպրոցում աշակերտներին փակի տակ պահելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու մասին որոշումը:
Իսկ Հովտաշեն և Խաթունարխ գյուղերի բնակիչների՝ դեպի Երևան երթը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը կցվել է ՔԿ Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործին:
Խաղաղ ցուցարարներին, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացվել:
Ապրիլի 17-ին շուրջ 2 տասնյակ խաղաղ ցուցարարներին ոստիկանական ավտոբուսով, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու մասին հաղորդումն (https://www.facebook.com/azatutyun/videos/1897618636950171) ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն:
Երևանի Ֆրիկի փողոցից 34 TM 967 պետհամարանիշով դեղին գույնի Վազ 2124 մակնիշի ավտոմեքենայով 6 երիտասարդի, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու մասին ահազանգի հիման վրա ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
1 հաղորդում է ներկայացվել 2018 թ. ապրիլի 16-ին ոստիկանների կողմից անվտանգության կանոնների խախտմամբ հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որի հետևանքով 46 անձ բեկորային վնասվածքներ ստացավ: ՀՀ Զինվորական դատախազությունից հայտնել են, որ դեռևս 2018 թ. ապրիլի 25-ից ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Մյուս հաղորդումները վերաբերում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն կիրառելու դեպքերին:
2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Հերացի փողոցում ոստիկանների աչքի առաջ ցուցարարներին ծեծելու վերաբերյալ հաղորդումը (http://archive.hcav.am/events/18-04-2018-07/) ծեծող քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն, իսկ ոստիկանների անգործությանն իրավական գնահատական տալու մասով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին նախապես կայացված որոշումը ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է և հարուցել քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հաղորդում է ներկայացվել նաև ապրիլի 20-ին Երևանի Այվազովսկու փողոցում Toyota Corolla մակնիշի CE. 109C արտասահմանյան պետհամարանիշով ավտոմեքենայից խաղաղ ցուցարարների վրա հարձակված քաղաքացիական անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
Եվս մեկ հաղորդում ներկայացվել է ապրիլի 20-ին ցուցարարներին հայհոյելով և սպառնալով ցույցը դադարեցնելու պահանջներ ներկայացրած ոստիկանության փոխգնդապետի գործողությունների վերաբերյալ:
ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից հայտնում են, որ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հայրապետյանը ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ՀՀ ոստիկանապետի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Նույն օրը ավտոերթի մասնակցին Երևանի Ավան թաղամասում դաժանորեն ծեծած (https://youtu.be/vI_k3I4Rsow) քաղաքացիների գործողությունների մասին հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այն մի շարք այլ քրեական գործերի հետ համատեղ կքննվի ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
2018 թ. ապրիլի 20-ին Երևանում ցուցարարին Nissan մակնիշի VAR 0001 ավտոմեքենան նստեցնելու փորձ կատարած անձանց գործողությունների վերաբերյալ հաղորդմանը ի պատասխան՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնից հայտնել են, որ հարղորդումը կցվել է դեպքի առթիվ ՀՀ Քրական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործին:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնից 2018 թ. մայիսի 17-ին հայտնել են, որ մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու հիմքով (ՀՀ Քր. օր. 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Ապրիլի 21-ին Երևանի փողոցներից մեկում ցուցարարի Nissan Tida մակնիշի ավտոմեքենան ոստիկանների կողմից վնասելու վերաբերյալ հաղորդումը, ինչպես նաև բերման ենթարկելիս ցուցարար աղջկան վահանով հարվածած ոստիկանի (https://youtu.be/Mho_aQvwpDw) գործողություններին իրավական գնահատական տալու հարցով հաղորդումը կցվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված համապատասխան քրեական գործերին:
Ապրիլի 20-ին BMW մակնիշի ավտոմեքենան վնասած ոստիկանների գործողություններին իրավական գնահատական տալու հարցով հաղորդմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նաև ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ցուցարար երեխաներին ծեծելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ ահազանգ էր ստացվել, որ ցուցարարներին ծեծել են գյուղապետի ուղարկած մարդիկ, սակայն ավելի ուշ գյուղապետ Տարոն Քոչարյանը հերքել էր իր կապը տեղի ունեցածի հետ http://archive.hcav.am/events/25-04-2018-98/: Հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն:
Ապրիլի 22-ին բերման ենթարկվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած կարմիրբերետավոր ոստիկանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդմանը ՀՀ Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Բերման ենթարկված անձանց ոստիկանության բաժիններում սահմանված ժամանակից ավել պահելու և նրանց իրավական աջակցություն տրամադրելու համար բաժիններ այցելած փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ 1 հաղորդում է ներկայացվել: Ոստիկանների կողմից անօրինական գործողություններ կատարելու մասով հաղորդումն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, իսկ սահմանված ժամանակից ավելու պահելու մասով՝ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2018 թ. ապրիլի 13-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 50 քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ, 316-րդ, 185-րդ, 164-րդ, 225-րդ և 309-րդ հոդվածներով:
Ձերբակալվել է 97 անձ, որից 33-ին մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել են 9-ը: Մայիսի 8-ի դրությամբ ձերբակալավածներն ու կալանավորվածներն ազատ են արձակվել:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ ՀՔԾ վարույթում 2018 թ. ապրիլի 13-ից սկսած բողոքի գործողություններին առնչվող 11 քրեական գործ կա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225, 225.1, 164, 308 և 309 հոդվածներով: Դրանք միացվել են 2 քրեական գործում:
ՀՀ Ոստիկանությունից հայտնել են, որ 2018 թ. ապրիլի 16-26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 1283 անձ, որոնցից 1144-ը Երևանում: 918-ի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 և 180.1 հոդվածներով:
Նախապատրաստված 128 նյութերից քրեական գործ է հարուցվել 35-ով, 13-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 67-ն ուղարկվել է նախաքննության մարմիններ, 13-ը դեռևս ընթացքի մեջ է:
Ակնկալում ենք, որ հարուցված քրեական գործերի քննությունը կհանգեցնի մեղավորների բացահայտմանն ու համապատասխան պատժի նշանակմանը: Եվ չի արժանանա Սարի թաղում ոստիկանական գործողություններից տուժած ցուցարարների ու բնակիչների գործերի ճակատագրին: