Ահազանգ. Ոստիկանական ճնշումները կնոջը ինքնասպանության փորձի են հասցրել
10:46, November 28, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԻրավապաշտպաններն ահազանգում են, որ Վանաձորի ոստիկանությունում երիտասարդ կնոջը հարցաքննելիս նվաստացրել են, հոգեբանական ճնշումների և բռնության են ենթարկել, ինչից հետո օրեր անց նա ինքնասպանության փորձ է կատարել։
24-ամյա կնոջը ոստիկանություն են հրավիրել որպես կիբերհանցագործության կասկածյալ, վիրավորել են հորը ու սպառնացել, որ աշխատանքը կկորցնի, եթե դուստրը հենց այդ օրը չներկայանա բաժին։Գործին հետևող իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատմում է, որ ոստիկանության սպառնալիքներից հետո երիտասարդ կինը Երևանում գործերը կիսատ թողած վերադարձել է Վանաձոր, ներկայացել բաժին, որտեղ նրան պահել են 10 ժամ՝ 17:30-ից մինչև գիշերվա 03:30-ը, չեն բացատրել իրավունքները, չեն տրամադրել փաստաբան, ու ինչպես ինքն է պատմել՝ սպառնացել ու նվաստացրել են։
«Ի՞նչ ծանր հանցագործություն պետք է անձը մեղադրվելիս կամ կասկածվելիս լինի, որ քննության իրականացումը գիշերը ժամը 12-ից հետո հրատապ լինի»,- հարցնում է իրավապաշտպանը։
Երիտասարդ կնոջը ոստիկանության բաժնում նաև ստիպել են մերկանալ՝ ստուգելու արդյոք դաջվածքներ չունի։ Թեև նրան խուզարկել են կին ոստիկանները, միևնույնն է, դրա անհրաժեշտությունը ,ըստ իրավապաշտպանի, հիմնավորված չի եղել, ավելին, նրան ոստիկանները մերկ լուսանկարահանել են։
«Եթե 24 տարեկան աղջկան մերկացրել են ոստիկանության բաժնում, դա արդեն իսկ խայտառակ և սարսափելի նվաստացուցիչ վերաբերմունք է։ Այսինքն կոտրել են իր մեջ ամեն մարդկային ինքնուրույնությունը, նվաստացնելով ենթարկեցրել են»,- ասաց Սաքունցը։
Երիտասարդ կնոջը տվել են նաև անձնական բնույթի հարցեր, վիրավորել են, պատմել կանանց գաղութի դաժան պայմանների մասին։ Սաքունցը պատմում է՝ նյարդային լարված վիճակից կնոջ առողջական վիճակը վատացել է, քննիչները, սակայն, չեն համաձայնել բերել դեղերը՝ ստիպելով, որ վերջինս ստանձնի հանցագործության մեղքը, ինչը ի վերջո տեղի է ունեցել գիշերվա 12-ից հետո։ Երիտասարդ կնոջը թելադրել են ցուցմունքը, վերջինս խոստովանել է, թե իբր ուրիշի սոցիալական ցանցի էջում անպարկեշտ նկարներ է տեղադրել։
Հարցաքննությունից ավելի քան մեկ շաբաթ անց երիտասարդ աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել, նրա ծնողները դիմել են իրավապաշտպան կազմակերպությանը։ Հելսինկյան ասամբլեան դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու դիմում է ուղարկել գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին։
«Միանշանակ է, որ պետք է պատասխանատվության ենթարկեն։ Հաստատ այդ ոստիկանները բոլորը պետք է դատապարտվեն ազատազրկման»,- ասաց Սաքունցը։
Ոստիկանությունից տեղեկացանք, որ իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մասին տեղյակ են։ Լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատությանն» ասաց, որ սկսվել են դեպքի ուսումնասիրություններ կատարել։ Մեր հարցին, թե արդյոք վերջին երկու տարում անընդհատ բարեփոխումների մասին խոսող ոստիկանությունում կարո՞ղ էր նման դեպք տեղի ունենալ, Ահարոնյանը ձեռնպահ մնալ պատասխանելուց։
«Ոստիկանության ղեկավարությունը այսօր կարևորագույն խնդիրներից մեկը համարում է ոստիկանի կողմից բռնությունների բացառումը բաժիններում քաղաքացիների հանդեպ։ Ոստիկանությունը ինքը շահագրգռված է, որպեսզի այդպիսի դեպքերը բացահայտվեն և շարքերը մաքրվեն»,- միայն ասաց Ահարոնյանը։
Աղբյուրը՝ www.azatutyun.am