Զորակոչիկների բուժզննումը ոչ պատշաճ է անցկացվել, ՀՔԱՎ է դիմել 59 զորակոչիկ. Արմինե Սադիկյան
10:19, December 28, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին 2 զորակոչերի ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 59 զորակոչիկ, որից 50-ի խնդիրները վերաբերել են պատշաճ բուժզննության չանցկացմանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
«Վերջին երկու զորակոչերի ընթացքում կազմակերպությանն է դիմել 59 զորակոչիկ, 50-ի խնդիրները վերաբերել են առողջական վիճակին: Դա նշանակում է, որ զորակոչիկն օրենքով սահմանված կարգով համալիր բուժզննության չի ենթարկվել, կամ եթե անհրաժեշտ է եղել որոշակի խնդիրներ պարզաբանել, լրացուցիչ փորձաքննություն չեն իրականացրել, անհրաժեշտության դեպքում չեն ուղեգրել այլ բուժհաստատություն, որոշակի բուժզննություններ իրականացվել են ձևական, կամ տարբեր բժշկական հաստատությունների կողմից հակասական որոշումներ են տրվել կամ պարզաբանելու փորձեր չեն արվել»,-ասաց Սադիկյանը:
Սադիկյանը նշեց նաև խնդիրներ, որոնք խախտում են զորակոչիկի իրավունքը, մասնավորապես, նրա խոսքով՝ զինծառայողը եթե դեռևս պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվի, օգտվի իր բողոքարկելու իրավունքից, որպեսզի պարզվի նրա պիտանելի կամ ոչ պիտանելի լինելու հարցը, նրան ժամանակ չի տրվում և անկախ ամեն ինչից նա զորակոչվում է բանակ:
«Հաճախ զուտ մեխանիկական սահմանում է տրված՝ ասենք «չափավոր» բառը կարող է առանց որևէ հիմնավորման փոխարինվել «աննշան» բառով, և պիտանի ճանաչեն կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից: Բացի այդ մեկ կարևոր տենդենց էլ կա, երբ քաղաքացիական բուժհաստատությունները հրաժարվում են անձին բուժզննության ենթարկել՝ պահանջելով որևէ փաստաթուղթ, այն է՝ զորակոչիկ է, զորակոչիկ չէ, կամ ազատված է ծառայությունից, թե ոչ, սակայն ցանկացած անձ իրավունք ունի բուժզննության ենթարկվելու քաղաքացիական հիվանդանոցում՝ դրա դիմաց վճարելով: Սա նշանակում է, որ հստակ հրահանգավորում կա բժիշկական հաստատությունների վրա, որպեսզի բուժզննություն չանցկացնեն»,-ասաց Սադիկյանը:
Նա նշեց, որ խախտումների թվում է նաև զորակոչիկներին բժշկական փաստաթղթեր չտրամադրելը, որը նրանց իրավունքն է:
Հարցին, թե նախորդ տարիների համեմատ փոփոխություններ կա՞ն բողոքների բնույթի մասով, կամ բարձրացված հարցերին լուծում տրվո՞ւմ են, Սադիկյանն ասաց, որ հարցերը մնում են նույնը, խնդիրները չեն լուծվում:
«Գլոբալ առումով որևէ փոփոխություն չկա, որովհետև նույնիսկ նոր օրենսդրական փոփոխությունները մեր տարիներ շարունակ բարձրացրած խնդիրներին լուծումներ չեն տալիս: Մի փոքր փոփոխություն կա բժշկական փաստաթղթերի հետ կապված, օրենքով բժշկական փաստաթղթերին ծանոթանալու դրույթ է ամրագրվել նոր օրենքում, նաև մեկ դրական տեղաշարժ կարող եմ նշել. մեր առաջարկություններից մեկն էր, հիվանդությունների ցանկը ոչ թե սահմանվեր պաշտպանության նախարարի հրամանով, այլ սահմանվեր օրենքով: Այժմ փոփոխություն է արվել և այդ ցանկը սահմանվելու է Կառավարության որոշմամբ»,-ասաց Սադիկյանը:
Նշենք, որ պաշտպանության նախարարի 410 հրամանի համաձայն արգելված հիվանդություններ են հոգեկան հիվանդությունների, նյարդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների հետևանքների, ներքին օրգանների հիվանդությունների, բերանի խոռոչի և ծնոտների հիվանդությունների, աչքի և նրա հավելումների հիվանդությունների, մաշկի և ենթամաշկային բջջանքի և լորձաթաղանթի հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների որոշակի տեսակներ: