«Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական բանտարկյալ է»
14:41, September 28, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԺիրայր Սեֆիլյանը քաղաքական բանտարկյալ է, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը ապօրինի է և նա իր քաղաքական հայացքների ու գործունեության համար է հերթական անգամ ենթարկվում քրեական հետապնդման:
Անկախ նրանից, համաձայն եք նրա կարծիքի հետ, նրա առաջարկության հետ, թե ոչ, քննարկում եք, չեք քննարկում, լավն է Ժ.Սեֆիլյանի առաջարկած ցուցակը, թե ոչ, մեկ խնդիր կա և պետք է լինի մեկ պահանջ՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման դադարեցումը և նրան ազատելը բանտից:
Մտածում էի, լավ տեսնեմ, թե անտրամաբանության և անբարոյականության էլ ինչքան ցածր աստիճանի ենք հասցնելու հասարակության ընկալման մակարդակը, բայց տեսնում եմ անկասելի գահավիժում:
Մարդը անհիմն, ապօրինի ազատազրկված է, փոխանակ այդ խայտառակ վիճակը վերացնելու մասին խոսեք, դեռ մի բան էլ քննարկում ե՞ք քաղաքական բանտարկյալի կարծի՞քը: Քննարկողներն էլ գտնվում են ազատության, բայց լավ իմացեք, պայմանական ազատության մեջ, ու վերլուծություններ են անում:
Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ այս աստիճան դեգրադացիան:
Չեք հասկանում, որ հանրությանը սովորեցնում եք, օրինակ եք ցույց տալիս, որ Հայաստանում քաղաքականությունը կարող է լինել նաև ազատազրկված, քաղաքական գործիչը կարող է գտնվել ապօրինի ազատազրկման մեջ, և դա նորմալ վիճակ է՞:
Նման մտածողությամբ ու մոտեցմամբ ոչ միայն փչացնում եք հասարակության մտածողությունը, հեռացնում իրավական և ժողովրդավարական պետության արժեքներից, որի իբր ջատագովներն եք, այլ հենց ձեր ազատությունն եք կասկածի և վտանգի ենթարկում:
Ուշքի եկեք:
Զզվանքի ու նողկանքի աստիճանի չպետք է հասնել ու հասցնել վիճակը Հայաստանի Հանրապետությունում: