Կառավարություն է ներկայացվել «Խոշտանգում» հանցակազմը սահմանելու վերաբերյալ նախագիծ:
17:59, April 29, 2015 | Հայտարարություններ, Սեփական | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՀՀ կառավարության 2015 թ. մայիսի 30-ի նիստի ընթացքում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերախմբագրել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված «Խոշտանգում» հանցակազմ նախատեսող հոդվածի վերնագիրը, փոխելով այն «Ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը» արտահայտությամբ: Նախատեսվում է նաև Օրենսգիրքը լրացնել նոր «Խոշտանգում» հանցակազմ հոդվածով: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված Խոշտանգում (ըստ առաջարկվող խմբագրության` Ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը») հանցակազմը հանել այն հանցակազմերի ցանկից, որոնց դեպքում գործը հարուցվում է միայն տուժողի բողոքի հիման վրա, այդպիսով սույն հանցարգործությունը կդասվի հանրային հետապնդման գործերի շարքում:
ՀՀ քրեական օրենսգրքում նշված փոփոխությունների և լրացումների իրականացումը ողջունելի է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից: Կազմակերպությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ում տարբեր ոլորտում խոշտանգումների կիրառման դեմ համակարգված քաղաքականություն իրականացնելու նպատակով խոշտանգումը խոշտանգում կոչելու, խոշտանգումների կիրառման գործերով պատշաճ և արդար քննություն իրականացնելու և խոշտանգումների կիրառման վերաբերյալ առանձնացված վիճակագրություն վարելու անհրաժեշտությունը: Այս նպատակով ՀՀ ներպետական օրենսդրության մակարդակում Խոշտանգում հանցակազմի պատշաճ սահմանումը հանդիսանում է կարևորագույն քայլերից մեկը:
Այնուամենայնիվ, նախագծի վերաբերյալ որոշ խնդիրներ կարելի է արձանագրել: Նախագծով առաջարկվող «Խոշտանգում» հանցակազմի սահմանումը ըստ էության արտացոլում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված «խոշտանգում» հասկացության սահմանումը: Միևնույն ժամանակ, սահմանման մեջ արձանագրված չէ «Խոշտանգում» հանցակազմի օբյեկտիվ կողմի այնպիսի դրսևորման ձև, ինչպիսին է վատ վերաբերմունքի կիրառման դեպքերում «լռելայն համաձայնությունը»:
Խոշտանգում հանցակազմը նաև ներառում է պաշտոնատար անձի կամ ի պաշտոնե հանդես եկող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը՝ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարող են վրա հասնել այնպիսի իրավիճակներ, երբ պաշտոնատար անձի կամ ի պաշտոնե հանդես եկող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ, կամ լռելայն համաձայնությամբ անձի նկատմամբ կիրառվել է վատ վերաբերմունք այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն հարկադրելու կամ կատարումից ձեռնպահ մնալու նպատակով, որը նաև զուգորդվել է խտրական վերաբերմունքով: Նման դեպքերում պատժաչափը անպատշաճ պետք է լինի առավել խիստ, քան այն դեպքերում երբ արարքը կատարվել է առանց խտրական վերաբերմունքի դրսևորման:
ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված են պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները: Հոդվածի 1-ին մասին 6-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք է սահմանված հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը: Սույն կետով փաստացի որպես ծանրացուցիչ հանգամանք է սահմանվում է ազգային, ռասայական կամ կրոնի հիմքով խտրականության դրսևորմամբ հանցագործոթյան կատարումը: Ելնելով իրավական մտքի զարգացումներից և պետական կառավարման մարմինների և հասարակության շրջանում անխտրական և ատելությունից զերծ մթնոլորտի զարգացման անհրաժեշտությունից, գտնում ենք, որ 63-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը անհրաժեշտ է լրացնել: Լրացմամբ անհրաժեշտ է որպես ծանրացուցիչ հանգամանք սահմանել որևէ հիմքով ատելության շարժառիթով հանցագործություն կատարելը: Կարևոր է, որ խտրականության հիմքով խոշտանգումների կիրառման վերաբերյալ պատշաճ քննության և որակում տալու խնդրին է անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի վճռում: (Տե´ս նաև «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» Հկ-ի կողմից ԵԽՆԿ ներկայացված Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը):