Ցուցակը բացված է
10:13, May 29, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Նիկոլ Փաշինյանի որդին սահմանված կարգով մեկնելու է ծառայության։ Բացի այդ, Աշոտ Փաշինյանը նշել է, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախում։ Սա կարո՞ղ է դառնալ նախադեպ նաև այն պաշտոնյաների համար, որոնք խուսափում են իրենց որդիներին ծառայության ուղարկել։
Սա առաջին հերթին նախադեպ է օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի, և անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, հայացքներից, խտրական վերաբերմունքի բացառման օրինակ է և իհարկե նաև սոցիալական արդարության հաստատմանն ուղղված անձնական օրինակ ամենաբարձր մակարդակում։ Նիկոլ Փաշինյանը տղայի՝ կամավոր Ղարաբաղում ծառայության անցնելու հետ կապված իր հերթական հրապարակային խոսքում բացում է այն ցուցակը, որում մենք պետք է սպասենք մյուս պաշտոնատար անձանց երեխաների ծառայության մասին տվյաների գրանցում։ Այսինքն՝ ցուցակը բացված է։
Կարծում եք՝ բացահայտումներ կլինեն նաև ա՞յդ ոլորտում։
Բնականաբար, քննարկման և ուսումնասիրության հարց անպայման կդառնան, բայց այս պահին առավել կարևոր է հենց օրենքի, իրավունքի գերակայության, սոցիալական արդարության սկզբունքների արմատավորումը՝ որպես ապրելակերպ, գործելակերպ, որպես իրականացվող քաղաքականության սկզբունքներ, որի պարագայում ոչ միայն ձեր նշած խնդրին, նկատի ունեմ ոչ միայն նախկինում պաշտոնատար անձանց երեխաների և նրանց անմիջապես մոտ հարազատների ԶՈՒ ծառայության հարցը, այլ ընդհանրապես կոռուպցիոն բազմաթիվ հանցագործությունների դրսևորումների բացահայտմանը կանցնենք: Այս պահին առավել քան կարևոր է իմ նշած սկզբունքների արմատավորումը՝ որպես իշխանության քաղաքականության սկզբունք, որը նաև երաշխիք կհանդիսանա ՀՀԿ իշխանության տարիներին այդ բազմաթիվ արատավոր երևույթների բացահայտման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների համար։
Փաշինյանը կոչ է արել զինծառայությունից խուսափողներին 20 օրվա ընթացքում վերադառնալ Հայաստան և սահմանված կարգով մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմել է նաև «ոչ այնքան հիվանդ» և զինծառայությանը պիտանի երիտասարդներին։ Այս կոչը որքանո՞վ կարող է տեղ հասնել նրանց մոտ, ովքեր մեկնել են Հայաստանից ծառայությունից խուսափելու համար։
Իհարկե, Հայաստանից արտագաղթածները գիտենք, որ հիմնականում հեռանում էին արդարության բացակայության պատճառով՝ սոցիալական, տնտեսական, թե հենց արդարադատության հետ կապված ունեցած խնդիրների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայությունից խուսափելու հետ կապված խնդիրների, որովհետև ԶՈՒ ծառայության պայմանները, այնուամենայնիվ, նրանց մոտ առաջացնում էին մտահոգություններ և որը առավել ցայտուն բացահայտվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ տեսանք, որ առաջանագծում հիմնականում, եթե չասեմ բացարձակապես, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն էին հայտնվել մարտական գործողություններին։ Եվ վարչապետն իր այդ կոչով վստահեցնում է, որ սոցիալական արդարության խնդիրը լուծվելու է, որևէ հովանավորչություն ամենաբարձր մակարդակում այլևս որպես օրինակ չի լինելու և դա նաև կոչ է վերադառնալու երկիր և նպաստելու ժողովրդավարական, իրավական պետության կառուցմանը։
Տարիներ շարունակ բարձրաձայնել եք բանակում տարաբնույթ խնդիրների մասին, մասնավորապես սպանությունների, ինքնասպանությունների մասին։ Հիմա այս կադրային փոփոխությունները որքանո՞վ հնարավորություն կստեղծեն այդ խնդիրների լուծման համար։
Առաջին հերթին հասկանում եմ և գիտակցում եմ, որ այդ կադրային փոփոխություններն անհրաժեշտ էին և հրատապ առնվազն առաջին դեմքերի մակարդակով, բայց միաժամանակ հասկանում եմ և կարծում եմ՝ կառավարությունը և անձամբ վարչապետն էլ գիտակցում են, որ դրանք բավարար չեն, քանի որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Տեսնում ենք, որ այս պահին կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ քայլեր են արվում, ինչը ոգևորում է, բայց կարծում եմ՝ ԶՈՒ-ում պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, լուրջ գործողություններ կոռուպցիոն սխեմաները կանխելու, բացահայտելու ուղղությամբ, որովհետև ԶՈՒ խնդիրը՝ որպես կարևոր մարմին, նախկին իշխանության օրոք էլի մնում էր կոռուպցիան, հովանավորչությունը՝ հատկապես ելնելով այն հանգամանքից, որ բանակը փակ, գաղտնի, անվտանգության հետ առնչվող կառույց է և շատ-շատ հանցագործությունների ուղղությամբ, որոնց մասին բազմաթիվ լրագրողներ, ՀԿ-ներ, այդ թվում նաև ես, բարձրաձայնել ենք, քննություն չէր իրականացվում՝ հիմնավորելով պետական անվտանգության կամ ծառայողական գաղտնիքի ձևակերպման տակ։
Եվ կարծում եմ՝ այս պայմաններում առաջնահերթ է, որպեսզի ՊՆ նոր ղեկավարությունը, նաև մյուս պետական մարմինները ամեն ինչ անեն, որպեսզի ԶՈՒ-ում կոռուպցիոն սխեմաները և հանցագործությունները բացահայտվեն, քանի որ ԶՈՒ խարխլող հիմնական գործոնը հենց կոռուպցիան էր, որն ամենաբարձր մակարդակով, նկատի ունեմ ամենաբարձր հրամանատարի՝ հանձինս Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահի, անմիջական հովանավորություն և աջակցություն ուներ։ Եվ հիմա նման հովանավորության բացակայության պայմաններում կոռուպցիոն շղթաները տեղափոխվում են ավտոնոմ ռեժիմի, որը, իհարկե, իրենից վտանգ է ներկայացնում այն առումով, որ կարգավորված կոռուպցիային գալիս են փոխարինելու չկարգավորված կոռուպցիոն դրսևորումները, որոնք կարող են բավական լուրջ և մտահոգիչ գործոն հանդիսանալ։ Եվ դրա համար ամբողջ համակարգը պետք է տեղափոխել ոչ կոռուպցիոն սկզբունքներով գործող, կոռուպցիայից զերծ մի մարմնի, որի պարագայում նոր կադրերը, նոր ղեկավարությունը արդեն կարող են իրականացնել այն հիմնական սկզբունքները, որը կոչվում է իրավունքի պաշտպանություն, պետության կողմից պատասխանատվությունը զինվորների կյանքի, առողջության, անվտանգ ծառայության համար, նաև սպաների սոցիալական, առողջապահական, ֆինանսական ապահովությունը, պաշտոնական առաջխաղացման համար։Կան ահազանգեր, որ որոշ զորամասերում դեռևս չեն տրամադրում զինվորներին անհրաժեշտ այն միջոցները, որոնք շարունակում են ուղարկվել հարազատների կողմից, և փաստորեն որոշ մարդկանց ուղեղին վարչապետի հրահանգը դեռ տեղ չի հասել և պետք է օպերատիվ նշանակություն ունեցող այդ քայլերը կատարել՝ բացահայտելու այդ արատավոր երևույթները։ Կան և օպերատիվ, և համակարգային խնդիրներ։ Օպերատիվ խնդիրները այս պահին պետք է կատարվեն, որպեսզի համակարգը դուրս բերվի կոռուպցիոն ճիրաններից և տեղափոխվի նոր իրավական և ժողովրդավարական պետության ռելսեր, և դրանից հետո ժամանակի ընթացքում այդ համակարգային փոփոխությունները արվեն։ Օպերատիվ քայլերը չկատարելը մարդկային կյանքեր են արժենում, այն, ինչ տեսնում ենք այս քանի օրը՝ մահացության դեպքերը ոչ մարտական հերթապահության ժամանակ կամ խաղաղ պայմաններում։