«Բռնություն է կատարվել իմ նկատմամբ`մասնագիտական գործունեության ընթացքում». Լոռի հեռուստաընկերության տնօրեն
17:56, September 29, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը բարձրաձայնում է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին:
Ավետիսյանը ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել, որում ասում է.
«Երեկ երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատմամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան: Ինքը և իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս: Դեպքի վայրից գնացել եմ «Լոռի» հեռուստաընկերություն` իմ աշխատավայր, որտեղից դիմել եմ ոստիկանություն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որը ոստիկանությունում հանդես եկավ որպես իմ ներկայացուցիչ:
Ոստիկանությունն իսկույն արձագանքեց և դեպքի վայրում հայտնաբերեց հեռախոսս: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվեց, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը և լուսանկարները: Այս պահին հեռախոսս ոստիկանությունում է: Ինձ հասած տվյալներով՝ բռնարարը մեղքը գցել է վարորդի վրա:
Հարուցվել է քրեական գործ: Նրան պատկանող սև գույնի Մերսեդես G500 77GG777 համարանիշի մեքենան փորձագիտական աշխատանքների ժամանակ հեռվից հետևում էր. հետագայում նույն մեքենան տեսա ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց»:
Լուսանկարը՝ http://loritv.am