Ադրբեջան, Հայաստան. արդյո՞ք ակտիվիստները կարող են պահպանել խաղաղությունը
18:50, April 30, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱնցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում ռազմական գործողությունների վերսկսումը ծանր փորձություն է հանդիսացել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի խաղաղասերների (խաղաղության ակտիվիստներ) համար նրանց՝ հակամարտության խաղաղ կարգավորման վճռական նվիրումի առումով: Այժմ, երբ երկու կողմերից անդադար հնչեցվում են պատժելու կոչերը, բազում հարցեր են ծագում, թե արդյոք երկու երկրների տարբերությունները երբևէ հնարավոր կլինի հաղթահարել:
Նրանց խոսքերով՝ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում բռնության դրսևորումների արդյունքում տասնյակ քաղաքացիների և զինվորների զոհվելու փաստը գրեթե անհնարին է դարձրել երկխոսության կոչերի առաքելության շարունակումը:
Հայաստանի բնակչության շրջանում զայրույթը հատկապես բորբոքվել է Ղարաբաղի Թալիշ քաղաքում երեք քաղաքացիների ենթադրյալ սպանության, ղարաբաղցի ռազմիկների հանդեպ իրականացրած ենթադրյալ վայրագությունների մասին չհաստատված պնդումների և երեք հայ զինվորների գլուխը կտրելու մասին ենթադրյալ հայտարարությունների շուրջ: Ադրբեջանի կառավարությունը հերքել է նշված մեղադրական հայտարարությունները և իր հերթին որոշ նման հայտարարություններ է արել հայկական բանակի վերաբերյալ:
Հայ ռեժիսոր երեսունիննամյա Վահե Ներսեսյանը, ով ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ պատրաստել է խաղաղասիրական մուլտֆիլմեր, կարծում է, որ Ադրբեջանին մեղադրանք առաջադրելը նշանակում է, որ հետագա երկխոսությունն այլևս արդյունք չի տա: «Երկխոսությունը ենթադրում է երկու կողմի առկայություն, իսկ եթե հակառակ կողմում ոչ ոք չկա, նման բաների մասին մտածելն անիմաստ է դառնում», – ասել է նա:
Այդուհանդերձ, հասարակայնության հետ կապերի հայ երեսնամյա մասնագետ Շուշան Հովհաննիսյանը կարծում է, որ խաղաղասերները պետք է շարունակեն իրենց գործը. «Հաշվի առնելով ներկայիս տրամադրությունները՝ չեմ կարծում, որ կարող ենք մեծ փոփոխությունների հասնել, բայց ամեն դեպքում այս ծրագրերը կարևոր են, քանի որ դրանց շրջանակներում հաստատվում են համագործակցության ցանցեր, և անցկացվում են քննարկումներ», – ասել է Հովհաննիսյանը, ով 2008 թվականից սկսել է հաճախել հաշտեցման միջոցառումների: «Դժվար է ասել, թե արդյոք այս ամենը կարող է նշանակալի փոփոխությունների հանգեցնել, թե ոչ»:
Ադրբեջանցի քաղաքագետ քսանչորսամյա Վուգար Ադիգոզելովը, ով մասնակցել է մի շարք խաղաղարար միջոցառումների, կասկածի տակ է առնում ներկայիս լարվածության պայմաններում խաղաղասիրական անմիջական դեմ-առ-դեմ միջոցառումների արդյունավետությունը: «Խաղաղասիրական ծրագրերն արդյունք կտան միայն հակամարտության կարգավորումից և Ղարաբաղի և յոթ հարակից տարածքների Ադրբեջանին վերադարձնելուց հետո», – ընդգծեց նա: – «Ներկայումս, այդ տեսակի ծրագրերը որևէ ազդեցություն չեն գործում (խաղաղության) գործընթացի վրա»:
Ադիգոզելովը բռնությունների նոր բռնկման մեջ մեղադրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև քսանչորս տարի շարունակ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի վերահսկողությամբ տևող բանակցությունների «անարդյունավետությունը»:
Շարքային ադրբեջանցիների և հայերի միջև շփումները վաղուց արդեն դիտվում են որպես դիվանագիտական փակուղուց դուրս գալու միջոց:
Ադրբեջանում կառավարությունը քննադատողների նկատմամբ ճնշումների արդյունքում քաղաքացիական դիվանագիտությանը մի ժամանակ մասնակցած կազմակերպություններից շատերն այլևս լիարժեք չեն գործում:
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը եղել է Հայաստանում գործող առավել ակտիվ կազմակերպությունների շարքում, որոնք փորձել են կապեր հաստատել ադրբեջանական հասարակության հետ, այդ թվում՝ համատեղ փաստագրական ֆիլմերի և մուլտֆիլմերի, դասընթացների, համաժողովների և թոք շոուների միջոցով: Երևանում Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը պնդում է, որ անգամ վերջերս դրսևորված բռնությունների շրջանակներում նշված միջոցներն արդյունք են տվել:
«Եթե դիտենք սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները, մեր ծրագրերի մասնակիցները դրսևորում են տարբերվող մտածողություն. նրանք ավելի տեղեկացված են և ավելի մեղմ են արտահայտվում: Նրանց հաղորդագրությունները որակապես տարբերվում են», – նշել է նա:
Սակայն վերջին տարիներին նման դեմ-առ-դեմ հանդիպումներ տեղի են ունեցել:
«Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև անմիջական հաղորդակցման բացակայությունը միայն թեժացրել է ներկայիս դրությամբ բորբոքված թշնամությունը», – ընդգծել է Հայաստանի հյուսիսում գտնվող Վանաձոր քաղաքում գործող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:
«Մի կողմից, մենք պետք է աջակցենք ռազմական գործողությունների զոհերին և նրանց ընտանիքներին, իսկ մյուս կողմից՝ պետք է վերականգնվի պատերազմող հասարակությունների միջև երկխոսությունը», – ասել է նա:
Մի ժամանակ Սաքունցի ՀԿ-ն ուղևորություններ էր կազմակերպում դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների և այլոց համար: «Սակայն 2010 թվականին այդ շփումը դադարեցվել է», – ասել է գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
«Ադրբեջանում լարվածության ուժեղացումից հետո մենք այլևս չենք կարողացել կազմակերպել համատեղ ծրագրեր և ամառային դպրոցներ …», – ասաց Սադիկյանը: «Այնուհետև առաջացել էր մի այնպիսի իրավիճակ, երբ մենք այլևս չէինք կարող վտանգի ենթարկել [ադրբեջանական մասնակիցներին], թեև շատ լավ հասկանում էինք, որ երկխոսության բացակայությունը լավ բանի չի հանգեցնի»:
Ադրբեջանցի ճանաչված խաղաղասիրական շարժման ակտիվիստ 60-ամյա Լեյլա Յունուսը ազատ է արձակվել 2015 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ դատապարտվել է ութ ու կես տարվա ազատազրկման ենթադրյալ տնտեսական հանցագործությունների համար: Այժմ չկարողանալով մեկնել երկրից՝ նա հրապարակայնորեն չի մեկնաբանել հակամարտության գոտում վերջերս դրսևորված բռնությունները:
Կառավարությունը քննադատող ադրբեջանական երիտասարդ ակտիվիստների խումբ հանդիսացող «Նիդա» քաղաքացիական շարժման կառավարման խորհրդի անդամ Ուլվի Հասանլին կարծում է, որ անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները (այդ թվում՝ «Նիդա» շարժման ակտիվիստների ձերբակալումը) և միջազգային ու հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը ունեցել են իրենց բացասական հետևանքները:
«Վարչակարգի կողմնակիցները դավաճան են անվանում բոլոր նրանց, ովքեր այս լարված ժամանակ խոսում են խաղաղության մասին: Երկու երկրների իշխանություններն էլ վատ են վերաբերում խաղաղության հաստատման գործընթացին», – ասել է Հասանլին: – «Ուստիև, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի հետ կապված ռազմավարությունները ձախողվել են»:
Հայաստանի կառավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով նախկինում ղեկավարել է Ղարաբաղի ռազմական ուժերը, դադարեցրել է քաղաքացի դիվանագետներին մեղադրել լրտեսության մեջ, սակայն նույնպես ակտիվորեն չի սատարում նրանց ջանքերը:
Այդուհանդերձ, երկու երկրների իշխանություններն էլ պնդում են, որ նրանց առաջնային նպատակը խաղաղություն հաստատելն է: «Սակայն քաղաքացիական դիվանագիտության նկատմամբ պաշտոնական շրջաններում մեծ խանդավառության բացակայության պայմաններում դոնորների նվիրատվությունը նվազել է», – նշել է ԵՀՀ-ի ծրագրերի ղեկավար Սարգսյանը: Համապատասխան դոնորների հետ չի հաջողվել կապ հաստատել նրանց մեկնաբանությունն իմանալու համար:
«Եթե իշխանությունները շահագրգռված չլինեն հանրային դիվանագիտության զարգացմամբ, խաղաղության հաստատման գործընթացում դժվար կլինի որևէ արդյունքի հասնել», – ասել է «Նիդա» քաղաքացիական շարժման անդամ Հասանլին:
Իսկ քսանիննամյա ադրբեջանցի Բախտիյար Ասլանովը, ով հանդիսանում է Ղարաբաղի մոտակայքում գտնվող ներկայիս դրությամբ դատարկված Ֆիզուլի քաղաքից ներքին տեղահանված անձ, կարծում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է իրենք ստանձնեն երկխոսությունը վերականգնելու նախաձեռնությունը, այլ ոչ թե ակնկալեն դա իրենց համապատասխան իշխանություններից: Բաքվում գործող Հումանիտար հետազոտությունների հանրային միություն ՀԿ-ում հակամարտության հետազոտական ծրագրեր իրականացնող Ասլանովն այժմ հանդիսանում է «Ռոթերի» կազմակերպության խաղաղության դեսպանը:
«Քառօրյա ռազմական գործողությունները հանդես են եկել որպես հակամարտության բոլոր կողմերի խաղաղասիրական շարժման ակտիվիստների անկեղծության ստուգում», – ասել է նա: «Մինչ օրս, քչերն են անցել այն»:
«Շատ հեշտ է խաղաղասիրական շարժման ակտիվիստ լինել խաղաղ ժամանակ կամ հրադադարի ժամանակ», – նկատել է նա. – «Մենք պետք է խիզախություն դրսևորենք և պաշտպանենք մեր արժեքները, որոնք ենթադրում են աջակցել խաղաղության հաստատմանը պատերազմի կամ հակամարտության սրման ընթացքում»: