Ազգային ժողովի իրավունքի ուժով հնարավոր արձակումը էլ ավելի կխորացնի քաղաքական ճգնաժամը. Արթուր Սաքունց
12:15, April 30, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին եւ դրանց հանգուցալուծման՝ Հանրապետական կուսակցության առաջարկած սցենարին, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Պետության հետագա կայունության համար առաջնային նշանակություն ունի դե յուրե իշխանության անցնցում հանձնումը դե ֆակտո իշխանությանը: Այս հարցում այլևս հստակեցված են Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների՝ «Գագիկ Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի, ՀՅԴ-ի, «Ելք» դաշինքի դիրքորոշումները, որոնք հայտարարել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին:
Ի տարբերություն թվարկած խմբակցությունների, ՀՀԿ խմբակցությունը չի առաջադրի իր թեկնածուին, սակայն միաժամանակ՝ ՀՀԿ խմբակցության անդամները չեն հայտարարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին: Ստեղծված իրավիճակում անչափ կարևոր է, որ իրապես զուտ ներհայաստանյան քաղաքական խնդիրների լուծման՝ առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործընթացում հնարավոր արտաքին միջամտությունը նույնպես բացառվում է:
Սակայն արդյոք կարող ենք վստահաբար պնդել, որ պետության կայուն, բնականոն, ժողովրդավարական զարգացման տեսակետից այլևս առկա են բոլոր երաշխիքները: Իմ համոզմամբ՝ ոչ: Ինչու՞:
Հղում կկատարեմ երեկ՝ 2018թ. ապրիլի 27-ին մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությանը / http://archive.hcav.am/events/27-04-2018-01/ /, որում ներկայացված են պետության կայուն, ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար:
Առանց այդ փոփոխությունները կատարելու՝ ընտրությունների կազմակերպումը վերստին կվտանգի ազատ և արդար ընտրությունների անցկացումը և լեգիտիմ, օրինական իշխանության ձևավորումը: Այսինքն, քիչ է անցումային կառավարության ձևավորումը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, անցումային փուլում ԱԺ-ն պետք է իրականացնի նաև անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները:
Մասնավորապես՝
• Ընտրական օրենսգրքի ամբողջական համապատասխանեցում Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, և հատկապես տարածքային ռեյտինգային ցուցակներով ընտրական մեխանիզմի վերացում,
• ԿԸՀ-ի, ՀՌԱՀ-ի հանրության կողմից վստահություն ունեցող նոր կազմի ձևավորում,
• Կառավարության կազմում որպես նախարարություններ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության իրավական կարգավիճակի հաստատում, ՀՔԾ և ՔԿ պետերի փոփոխություն
• Վարչական ռեսուրսների չարաշահման բացառման օրենսդրական հստակ մեխանիզմների ամրագրում քրեական և այլ օրենսգրքերում,
• ԱԺ պատգամավորության և գործարարությամբ զբաղվելու համատեղության անհնարինության իրավական հստակ մեխանիզմների ամրագրում՝ բացառելու համար խոշոր գործարարների կողմից Ազգային Ժողով ներթափանցումը և այլն:
Նշված փոփոխությունների կատարման անմիջական պատասխանատվությունը կրում է առավել շատ մանդատ ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հասկանալի է, որ միայն վարչապետի թեկնածուի առաջադրումից հրաժարվելն ինքնին չի հանդիսանում պետության անվտանգության և կայունության ապահովման երաշխիք, որի մասին պնդում են ՀՀԿ ներկայացուցիչները:
Ավելին, այս ժամանակահատվածում, երբ զանգվածային բնույթ ունեն քաղաքացիական անհնազանդության և բողոքի ցույցերը հանրապետության ողջ տարածքով մեկ, վարչապետի թեկնածուի առաջադրումից հրաժարվելն ունի միմիայն այս ժամանակահատվածում քաղաքացիական դժգոհության և բողոքից խուսափելու նպատակ: Իրականում առանց թվարկված փոփոխությունների կատարման, ինչը պետք է իրականացնի ներկայիս Ազգային Ժողովը, վտանգված կլինեն Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ազատ և արդար կազմակերպումը, լեգիտիմ օրենսդիր մարմնի ձևավորումը:
ՀՀԿ-ն պետք է իրապես գիտակցի, որ առանց թվարկված փոփոխությունների իրականացման, ներկայիս Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը չի կարող հանդիսանալ ներկա քաղաքական ճգնաժամի բովանդակային լուծում:
Ավելին, առանց թվարկված փոփոխությունների կատարման՝ ներկա քաղաքական ճգնաժամը կհետաձգվի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակահատված, երբ արդեն նախընտրական ժամակաշրջանն ու քվեարկության օրը, հետընտրական ժամանակահատվածը կուղեկցվեն անպատկերացնելի բախումներով և անասելի բարձր լարվածությամբ, գուցե և մարդկային կորուստներով:
Չգիտակցել այս ամենը, նշանակում է՝ ՀՀԿ-ի կողմից դեռեւս ամբողջությամբ չի ընկալվել ներկա քաղաքական ճգնաժամի ողջ էությունը, իսկ եթե գիտակցվում է, ապա հրապարակավ հանդես գալով որպես պետության անվտանգությամբ և կայունությամբ մտահոգված կուսակցություն, բայց իրականում էլ ավելի անկայուն և վտանգավոր վիճակի հասցնել պետությունը, այլ կերպ քան ՀՀ քաղաքացիներից քաղաքական վրեժխնդրություն անվանել չի կարելի:
ՀՀԿ-ն չպետք է գնա Ազգային ժողովի իրավունքի ուժով արձակման մեխանիզմի իրականացմանը, այլ պետք է իր վերջին պատասխանատվությունը կրի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների նկատմամբ: ՀՀԿ-ն է այս վիճակի, քաղաքական ճգնաժամի ստեղծման միակ պատասխանատուն, ինքն էլ պետք է իրական, ոչ ձևական քայլեր կատարի այս ճգնաժամի հաղթահարման համար»:
Արթուր Սաքունց,
28 ապրիլի 2018թ.