ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնության փաստը
14:31, September 30, 2017 | Հայտարարություններ, ՍեփականՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2017 թվականի սեպտեմբերի 28-ի երեկոյան «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնության փաստը: Այն կատարվել է հորդառատ անձրևի պայմաններում ասֆալտապատման աշխատանքների իրականացման գործողությունը Նարինե Ավետիսյանի կողմից նկարահանելու ժամանակ՝ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանի և նրա աշխատակիցների կողմից, որոնք ֆիզիկական ուժի գործադրմամբ խլել են նկարահանման նպատակով օգտագործվող բջջային հեռախոսը՝ Նարինե Ավետիսյանին գցելով գետնին: Նշենք, որ սա արդեն 5-րդ դեպքն է, երբ Նարինե Ավետիսյանը ենթարկվում է բռնության իր լրագրողական գործունեության իրականացման ընթացքում: Նախորդ բոլոր չորս բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի արդյունքում մեղավորները չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել: Արձանագրենք, որ դեպքի վայրում հայտնաբերված՝ Նարինե Ավետիսյանի բջջային հեռախոսից ջնջված են նրա կողմից կատարված նկարահանումները և տեսագրությունները:
Քրեական գործով տուժող ճանաչված Նարինե Ավետիսյանի շահերի պաշտպանությունն իրականացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները:
Սույնով հայտնում ենք, որ այս անգամ բավարար են փաստերը և հանգամանքները՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց, որն ուղեկցվել է ֆիզիկական բռնությամբ, գույքի հափշտակմամբ և լրագրողական նյութերի ոչնչացմամբ: Միաժամանակ հայտնենք, որ Նարինե Ավետիսյանը քրեական գործի շրջանակներում իր բացատրություններում ներկայացրել է ոչ միայն իր գործունեությունը խոչընդոտելու դեպքը, այլ նաև կարևորել է հանրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման դեպքով քննություն կատարելու անհրաժեշտությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետամուտ է լինելու բռնություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու և Նարինե Ավետիսյանի կողմից բարձրացված խնդիրներով քննություն իրականացնելու հարցում:
Կարևորում ենք ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ Քննչական կոմիտեի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձագանքները «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնության փաստի վերաբերյալ և ակնկալում ենք նրանց կողմից իրենց գործառույթների ամբողջական իրականացում:
Միաժամանակ գտնում ենք, որ նախորդ ժամանահատվածում լրագրողների նկատմամբ շարունակական բռնության փաստերը և նրանցով ոչ արդյունավետ քննությունը վկայում են իշխանությունների ոչ համարժեք և անպատասխանատու մոտեցման մասին, որոնք հանդիսացել են անպատժելիության մթնոլորտի ձևավորման պատճառ:
30.09.2017
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայտարարությունը ներբեռնել այստեղ