ՄԻԵԴ-ը ստացել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված գանգատը
17:21, May 31, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Հայկ Խաչատրյան2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել Է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը:
Նշենք, որ գանգատը հիմնավորվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով:
ՄԻԵԿ 2-րդ և 3-րդ հոդվածների մասով դիմողը նշել է, որ որդին զրկված է եղել պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ, կրելով ֆիզիկական տառապանքներ, մահացել է: Ժամանակին և պատշաճ բժկական օգնություն ստանալու դեպքում, բացի նրանից, որ կմեղմվեին ֆիզիկական տառապանքները, կնվազեր նաև մահվան ելքի հավանականությունը:
ՄԻԵԿ 3-րդ և 13-րդ հոդվածներիի իմաստով պետության կողմից արդյունավետ քննություն չի իրականացվել՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքների բերումով է Հայկ Խաչատրյանը իր երկու ծառայակիցների հետ միասին եղանակային ցուրտ պայմաններում իրականացրել 16-ժամյա անընդմեջ պարեկային ծառայություն, որն էլ հյուծել և պատճառ է դարձել վերջինիս մոտ հիվանդության զարգացման: Հիշյալ հանգամանքների շուրջ քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տուժող կողմի պահանջներն անտեսվել են:
Ավելին՝ տուժող կողմը քրեական գործի շրջանակներում իրականացված նախաքննության նյութերին ծանոթանալու առաջին պահից դիրքորոշում է հայտնել այն մասին, որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից և պահանջել է վերջիններիս մեղադրանք առաջադրել ոչ թե ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 1-ին մասով, այլ՝ համապատասխանաբար՝ նույն հոդվածի 2-րդ մասով և 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:
ՀՀ Զինվորական դատախազությունը սրանով փորձել է ազատել մեղադրյալներին քրեական պատասխանատվությունից և պատժից, իսկ զինվորական հոսպիտալի աշխատակիցներին ընդհանրապես մեղադրանք չի առաջադրվել: Նույն նպատակով ավելի ուշ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը զրկվեց տուժողի իրավահաջորդի՝ իր կարգավիճակից, որով փորձ կատարվեց բացառել մեղադրյալների կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և Հ. Խաչատրյանի մահվան միջև կապը: