«Պաշտպանության նախարարի հայտարարությունը վկայում է խայտառակ խախտման մասին»
10:00, July 4, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԻրավապաշպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է պաշտոնյաների՝ բանակում չծառայած որդիների ցուցակին ու այդ ֆոնին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե շատ բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այսօր ծառայում են բանակում: Վիգեն Սարգսյանը նաև ասել էր, որ անգամ կան դեպքեր, երբ պաշտոնյայի որդին հիվանդություն ունի, բայց չի զորացրվում բանակից:
«Նախարարի հայտարարությունը, թե պաշտոնատար անձանց երեխաներ կան, ովքեր պետք է զորացրվեն, որովհետև կան հիմքեր, բայց չեն զորացրվում, խոսում է խայտառակ խախտման մասին, որ ակնհայտ գոյություն ունի կամայականություն զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարցերում: Սա ես նույնիսկ որակում եմ ինքնապաշտպանությունից դրդված հայտարարություն, սեփական մեղքի ընդունման մասին վկայություն: Այսինքն՝ գործում են ոչ թե իրավական նորմերը, այլ գործում են ցանկությունները կամ քաղաքական շահերը, որոնք մի դեպքում կարող են հասցնել այն իրավիճակին, որ իրապես առողջական խնդիր ունեցողները զորակոչվում են ու ծառայում, անկախ նրանից, թե նրանք պաշտոնատար անձանց երեխաներ են, թե ոչ: Մյուս կողմից, ինչպես մենք տեսնում ենք, պաշտոնատար անձանց երեխաներն իրապես զինվորական ծառայություն չեն անցնում տարբեր պատճառներով», ասաց Սաքունցը:
Ըստ նրա, հիմնավորվում է հետևյալ երկու կարևոր հանգամանքը:
Առաջինը, ինչպես ցույց են տալիս փաստերը, բանակում մահացածների գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են, իսկ բանակից ազատվածների զգալի մասը՝ պաշտոնատար անձանց երեխաները: Երկրորդ, ըստ Սաքունցի, սա ցույց է տալիս, որ ըստ էության օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը չի գործում, այլ գործում է կամայականության սկզբունքը կամ քաղաքական նպատակահարմարությունը:
«Եվ այս երկու գործոնները հանդիսանում են որպես հիմնական շարժառիթներ զինվորական ծառայության պարտավորության իրականացման հարցում: Երկուսն էլ խաթարում են վստահությունը պետության նկատմամբ՝ զինվորական ծառայության հետ կապված հարցերում: Այսինքն՝ մենք տեսնում ենք հետևյալը, որ ոչ թե պաշտպանության նախարարը խոսում է դրանց հաղթահարման ուղիների մասին, ինքը չի էլ ներկայացնում քայլեր, որ պետք է այս իրավիճակը հաղթահարվի, այլ ավելի շատ արձանագրում է գոյություն ունեցող փաստը և մեր կողմից առաջադրված հարցերին լուծում տալու փոխարեն առաջադրում է բոլորովին այլ օրակարգ, որը բացարձակապես կապ չունի նշված խնդիրների հետ: Այնինչ, մարդու իրավունքների խախտման հետ կապված հարցերն են գլխավոր մտահոգիչ հարցերը, այն հիմնական մարտահրավերը, որոնք դրված են զինված ուժերի առջև: Այսինքն՝ կատարվում են քայլեր, որոնք բովանդակային առումով իրավիճակի փոփոխության չեն հանգեցնելու, չեն լուծելու նշված խնդիրները», ասաց Արթուր Սաքունցը: