Գագիկ Ծառուկյանն ի վիճակի չէր հասկանալու, որ ինքն այլևս ապրում է նոր Հայաստանում
10:03, July 4, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով։ Ըստ տուժողի՝ հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, հետո նոր Էդուարդ Բաբայանը։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Փաստորեն պատասխանատվության են ենթարկվում նաև Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնողները։
Այս ձևակերպումն ամբողջությամբ արտահայտում է մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանում ձևավորված այն մոտեցումը, որ օրենքի առջև բոլորը հավասար պատասխանատու չեն եղել, երկրորդ՝ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվողները կարող էին պատասխանատվության չենթարկվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կամ, ընդհակառակը, մարդիկ կարող էին քրեական պատասխանատվության ենթարկվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Եվ գործում էր ընտրողական արդարադատության պրակտիկան, որ մինչ այժմ գոյություն ուներ Հայաստանում։ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի ձերբակալումը խոսում է այն մասին, որ այլևս ընտրովի արդարադատությունը ըստ քաղաքական նպատակահարմարության փակված էջ է։ Այս փաստը ցույց է տալիս նաև մեկ կարևոր հանգամանք, որ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհասկացավ կամ ի վիճակի չէր հասկանալու, որ ինքն այլևս ապրում է նոր Հայաստանում։ Եվ կարծում եմ՝ այդ անպատժելիության մտածելակերպը որպես գործողություն, որը դրսևորվեց այս վերջին խայտառակ բռնարարքով, վկայում է այն մասին, որ իրապես խիստ հարաբերական է եղել կամ խիստ պայմանական կարելի է Ծառուկյան դաշինքը կամ ԲՀԿ-ն որպես ՀՀԿ-ին ընդդիմադիր կուսակցություն համարել։ Նախ՝ անցած ժամանակահատվածում իրենք պարբերաբար եղել են իշխանության հետ դաշինքի մեջ, և ըստ քաղաքական նպատակահարմարության՝ ինչպես ցանկացել են, այնպես էլ օգտագործել են Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ հիմա Գագիկ Ծառուկյանը, երևի մնալով առանց օգտագործվելու, որոշել է ինքնուրույն գործել և կատարել է, մեղմ ասած, չթույլատրված արարք։ ԲՀԿ-ն կկարողանա՞ գոյություն ունենալ առանց Գագիկ Ծառուկյանի՝ դա արդեն իր խնդիրն է, բայց որ կրիմինալը և քաղաքականությունը, կրիմինալը և իշխանությունն այլևս չեն կարող միատեղվել, միանշանակ է։ Եվ ձերբակալման գործողությունը, քրեական հետապնդման մասին որոշման կայացումը ցույց է տալիս, որ մենք գնում ենք հենց այդ ուղղությամբ։ Քաղաքականությունը չի կարող իրականացվել քրեական մտածողությամբ և գործելակերպով մարդկանց կողմից։
Սա ցույց է տալիս, որ քաղաքական իշխանությունն ունի քաղաքական կամք օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովման, դրա իրականացմանը նպաստելու ուղղությամբ, որովհետև եթե վարչապետը որևէ քաղաքական տեսակետից հրահանգ տար ոստիկանությանը կամ դատախազությանը, կամ իրավապահ որևէ մարմնի, ինչպես նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին հրահանգում, ապա վստահեցնում եմ ձեզ, որ մենք ոստիկանության կողմից նման գործողության ականատես չէինք լինի։ Սա խոսում է այն մասին, որ իրապես կա օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքն իրականացնելու և գործողության մեջ դնելու քաղաքական կամք։
Տեղի ունեցածն ի՞նչ հետևանք կունենա առաջիկա արտահերթ ընտրություններին Գագիկ Ծառուկյանի կուսակցության վրա։
Գործելու է ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը, այլ գործելու են քրեական դատավարության, քրեական օրենսգրքի նորմերը։ Այսինքն՝ պետք է իրականացվի բազմակողմանի օբյեկտիվ քննություն և նրա շրջանակներում եթե ապացուցվի Գագիկ Ծառուկյանի կողմից անմիջական հարվածներ տեղալը կամ առնվազն իր օգնականի կողմից բռնությունների կատարման փաստի ներկա լինելը, չկանխելը, այդ թվում՝ ներկա պաշտոնատար այլ անձանց, որովհետև նշվում է նաև նախարարի անունը, ապա համապատասխան քրեական հետապնդման հիմքով կարծում եմ պետք է սպասել որոշ ժամանակ անց ԱԺ-ում գլխավոր դատախազի միջնորդությանը՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու, այդ թվում՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գործողություններին։ Սա բացարձակապես կապ չունի քաղաքական այն գործընթացների հետ, որում ապրում ենք և որը ակնկալվում է։ Մենք ապրում ենք կոռուպցիոն համակարգի ապամոնտաժման, քաղաքականությունը ապաքրեականացնելու գործընթացում։ Եվ առանց օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովման՝ ես վստահեցնում եմ ձեզ, որևէ ԸՕ չի կարող երաշխիք լինել ազատ և արդար ընտրությունների իրականացման համար։ Այսինքն՝ ինչպես քաղաքականության ապաքրեականացումը, այնպես էլ կոռուպցիոն համակարգի ապամոնտաժումն է հանդիսանում ազատ և արդար ընտրությունների անցկացման երաշխիքը։
Պարոն Սաքունց, նոր բացահայտումներ են տեղի ունենում Մարտի 1-ի գործով։ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Ինչպե՞ս եք գնահատում։
Եկեք արձանագրենք մեկ փաստ. Մարտի մեկի՝ իմ որակմամբ պետական ահաբեկչության գործով քննությունը տեղաշարժ արձանագրեց միմիայն ՀՔԾ պետի փոփոխմամբ։ Ի դեպ, սա որպես փաստարկ բոլոր այն կասկածողներին, որ նոր մարդիկ են պետք նոր Հայաստանում իրավական և ժողովրդավարական գործընթացների ապահովման համար։ Սա նշում եմ համեմատության համար, որ նույն գլխավոր դատախազը, որ կարող էր հենց ինքը սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում իրականացներ նույն Միքայել Հարությունյանի նկատմամբ և որի լիազորություններն ուներ, չի արել, այլ արել է ՀՔԾ նոր պետը։ Երկրորդ՝ կարևորը ոչ թե այն է, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ է մեղադրանք առաջադրվում, այլ քրեական գործի շրջանակում գրանցվել է նոր հոդված՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հիմքով՝ ՔՕ-ի 301 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այսինքն՝ քրեական գործը լրացվում է նոր հոդվածով, առանց որի օբյեկտիվ քննություն հնարավոր չէր, որովհետև մարտի մեկին տասը քաղաքացիների սպանությունը հետևանք էր քրեորեն հետապնդելի գործողության, այն է՝ բռնությամբ սահմանադրական կարգը տապալելու հետևանքն էր։ Իհարկե, բացի այն, որ քրեական գործ է հարուցվել այդ հիմքով և մեղադրանք է առաջադրվել Միքայել Հարությունյանին, նշված այլ անձանց շրջանակը բավական լայն է, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում այդ ժամանակվա ոստիկանապետը, նաև ներքին զորքերի հրամանատարը, ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ պետը կամ նրա տեղակալները, այսինքն՝ ուժային բոլոր կառույցների ղեկավարները։
Ես ժամանակին մեկ հարց եմ հնչեցրել՝ 2008-ի փետրվարի 19-ին, մինչև մարտի մեկի երեկոյան արտակարգ դրություն մտցնելը և այդ թվում հետագայում ապօրինի քրեական հետապնդումները իմ նշած պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, որտե՞ղ են գտնվել, ի՞նչ հրահանգներ են տվել, ի՞նչ հրահանգներ են ստացել, այս ամենը պետք է դառնա քննության առարկա։ Եվ մենք, առավել քան համոզված եմ, կտեսնենք, որ գործ ունենք առավել քան կազմակերպած բանդայի հետ, որը զավթելով պետական ռեսուրսները և իշխանության լծակները, իրապես ողջ ռեսուրսներն օգտագործել է ՀՀ քաղաքացիների դեմ և կատարել է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու գործողություն։ Եվ առավել քան համոզված եմ, որ մենք շուտով կտեսնենք նաև այդ մարդկանց անունները, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու։ Բացի այդ, այն պաշտոնատար անձինք, ովքեր ժամանակին անգործություն են ցուցաբերել՝ իմանալով պետական այդ հանցագործության մասին, այդ թվում՝ պատգամավորներ, գեներալներ, ԱԳ նախարար, Գագիկ Ծառուկյան, ընդհանրապես փաստահավաք խմբի զեկույցներում նշված շատուշատ հանգամանքներ արդեն դառնում են այս նոր հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում ուսումնասիրության հիմնական նյութերից մեկը։