44 մահ` բանակում
00:00, November 25, 2010 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՈչ պաշտոնական տվյալներով այս տարի բանակում 44 հոգի է զոհվել: «Ընդ որում` նրանցից միայն 7-ն են, որ զինադադարի խախտման հետեւանքով են զոհվել»,- այսօր հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նաեւ նկատեց, որ պաշտոնական տվյալների համաձայն` նախորդ տարի բանակում մահացությունների թիվը կազմել է 31-ը: Նա այս մասին ասաց Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում կազմակերպված «Բանակում մահերի թվի աճի պատճառներն ու դրանք վերացնելու հնարավոր տարբերակները» թեմայով քննարկման ժամանակ:
Արթուր Սաքունցի պնդմամբ` հայկական բանակում թեեւ սպանությունների դեպքեր մշտապես եղել են, սակայն այսօր փոխվել է հասարակության հետաքրքրվածությունն ու ուշադրությունը բանակի խնդիրների նկատմամբ:
«Տարիների ընթացքում այնքան չբացահայտված սպանություններ են կուտակվել, այնքան հարցեր են մնացել առանց լուծումների, որ հերթական այս մահացությունների շարքն ու դրանց վրա ոչ ադեկվատ վերաբերմունքն այլեւս հնարավոր չէ հանդուրժել»,- ասաց նա:
Սակայն նման հետաքրքրվածությունն էլ, ըստ նրա, չի կարող փրկել կոռուպցիայի եւ անօրինականության մեջ թաղված համակարգը: «Գոյություն ունի անպատժելիների մի խավ, որոնց նկատմամբ արդարադատությունն անզոր է»,- ասաց Արթուր Սաքունցը եւ հավելեց, որ դրանցից զատ, եթե բանակի գերագույն հրամանատարը, իր բառերով, զզվում է նման թեմաներ արծարծողներից, ապա ինչ կարելի է սպասել նրա հրամանատարական կազմից, որոնց օգտագործում են միայն քաղաքական նպատակով:
«Կա՞ այնպիսի թիվ, որ եղած 37 գործով, մյուս 7-ը դեռ չհաշված, հրամանատար կամ սպա պատասխանատվության ենթարկված լինի, մինչդեռ զինվորի նկատմամբ անմիջապես մեղադրանք է առաջադրվում եւ ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա կալանքի որոշում է կայացվում: Դա անհեթեթության վերջին աստիճանն է»,-նշեց նա եւ պահանջեց, թե’ ԶՈւ գլխավոր հրամանատարի, թե’ Պաշտպանության նախարարի եւ թե’ շտաբի պետերի հրաժարականները:
Արթուր Սաքունցին փորձեց հակառակել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի բաժնի պետ Սուրեն Դավթյանը: Նա հիշեցրեց, որ պետք չէ առանձնացնել բանակը հասարակությունից. «Բանակում տիրում է այն, ինչը կա մանկապարտեզներում, դպրոցներում եւ այլ հաստատություններում»: «Կոռուպցիայից խոսելուց կոռուպցիան չի պակասում»,- նշեց ԱԱԾ ներկայացուցիչը եւ հավելեց, որ եթե այդքան վատ է, ուրեմն պետք է գնալ երկրից: Ի պատասխան Արթուր Սաքունցը նկատեց, որ ոչ թե պետք է գնալ, այլ պայքարել դրա դեմ:
Ի դեպ, քննարկմանը հրավիրված ՊՆ ներկայացուցիչը մերժել էր ներկայանալ:
Քննարկմանը ներկա էին նաեւ հայկական բանակում չպարզաբանված հանգամանքներով մահացած զինվորների ծնողները:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/social/2010/11/25/army-discussion