Կշարունակենք դուրս մնալ Millennium Challenges-ից, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է մեկ անձի կողմից
14:48, December 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Հայաստանին հերթական մերժումը լավագույն պատասխանն է այն վերլուծաբաններին, փորձագետներին, որոնք, չգիտես ինչու, փորձում են իմիտացիա ստեղծել, թե իբր երկրում քաղաքականության համար պատասխանատու է կառավարությունը՝ մոռանալով, որ կառավարությունը Սերժ Սարգսյանի գործիքն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, 2006թ. Հայաստանում հիմնված «Հազարամյակների մարտահրավերներ» Հայաստանի կորպորացիայի քաղաքացիական դիտորդական մարմնի նախկին ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
Նշենք, որ Հայաստանը այս տարի էլ ունի անբավարար ցուցանիշներ մի շարք բնագավառներում Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կայքում, սակայն, պաշտոնական որևէ որոշում չկա։ Կայքում առկա է միայն scorecard, որից պարզ է դառնում, որ Հայաստանը չի դարձել ծրագրի շահառու հենց կոռուպցիայի պատճառով:
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է 20 ինդիկատոր։ 20-ից Հայաստանի բացասական ցուցանիշները 7-ն են։ Ամենամեծ խոչընդոտը կոռուպցիան է, ինչպես արդեն նշեցինք, ապա ժողովրդավարական ցուցանիշները, որն այս տարի մոտ է անցողիկին։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ վիճակն այսպես էլ կշարունակվի, քանի դեռ երկիրը կառավարում է ՀՀԿ-ն՝ մեկ անձի միջոցով։ «Նույնիսկ պառլամենտական կառավարման անցնելու դեպքում էլ երկիրը կառավարվում է և կառավարվելու է մեկ անձի կողմից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հենց սա է պատճառը, որ որևէ փոփոխություն չի կարող լինել։ Մի կուսակցություն, որը ձախողել է բոլոր բնագավառներում՝ տնտեսական, քաղաքական, էներգետիկ, սոցիալական, եթե շարունակի մնալ իշխանության գլխին, մենք նույն արդյունքներն ենք գրանցելու»,- հավելեց Արթուր Սաքունցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակցությունն ԱՄՆ «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին դադարեցվեց 2008 թվականի մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո: Սերժ Սարգսյանն իր իշխանության տասը տարիներին առաջնահերթություն էր դարձրել Հայաստանի մասնակցության վերականգնումն այս ծրագրին, որը, ինչպես երևում է, ոչ մի կերպ չի ստացվի։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ծրագրի շահառու դառնալու կարևոր նախապայման է ազատ և արդար ընտրությունները, ի վերջո՝ մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների գործերի բացահայտումը, գործողություններին իրավական գնահատական տալն ու մեղավորներին պատժելը։ «Այս ամենը ոչ միայն չի արվել, ավելին՝ տարեցտարի կոռուպցիայի ընկալման համաթիվն է բարձրանում, կոռուպցիան դառնում է ազգային անվտանգության սպառնալիք։ Բացարձակապես մատը մատին չի տրվում իրավիճակ փոխելու համար։ Բացի այդ, արտաքին պարտքի շեմն է ավելանում, ստվերային շեմի մեծ ծավալ կա, կոռուպցիա, դատական իշխանության կախյալություն, որի պարագայում ներդրումները բացառված են։ Այս պատկերի վրա «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ոչ մի ցուցանիշ չի կարող ապահովված լինել»,- նկատեց Սաքունցը։
Մեր դիտարկմանը, թե ԵՄ-ի հետ Հայաստանի կնքած համաձայնագրից բխող պարտավորությունների կատարումը կարո՞ղ է երաշխիք լինել, որ հաջորդ տարիներին Հայաստանի՝ ծրագրին մասնակցության հայտը բավարարվի, իրավապաշտպանը պատասխանեց. «Համաձայնագրի ստորագրումը ենթադրում է քաղաքական կամքի առկայություն անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար, որոնք առանց համաձայնագրի էլ պետք է կատարվեին, որը չի արվել։ Համաձայնագիրը ստորագրվել է մեկ նպատակով՝ ներդրումների ակնկալիքով։ Բայց Բրյուսելը ավանս է տվել՝ ոչ ֆինանսական, այլ քաղաքական։ Իսկ Հայաստանի ստանձնած պարտավորությունները նոր չեն։ Համաձայնագրի տեքստը իր էությամբ ոչնչով չի տարբերվում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում չընդգրկվելու փաստից։ Պարզապես համաձայնագիրը փաստաթուղթ է։ «Հազարամյակի մարտահրավերները» նույնպես ասում է՝ բարեփոխումներ արեք, կստանաք ֆինանսավորում։ Համաձայնագիրը՝ նույնպես. բարեփոխումների դիմաց՝ ֆինանսավորում»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ իշխանությունները այլևս խաղալու, բարեփոխումների իմիտացիա անելու ժամանակ չունեն, գործ պետք է անեն։ «Իսկ գործ անելու միակ պայմանը իշխանությունից հեռանալն է։ Իրենք անելիք չունեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է կոռուպցիայի պատճառով ծրագրից դուրս մնալուն, ապա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ դա լուրջ խոչընդոտ է, և, ինչպես երևում է, 2014 թվականից սկսած Հայաստանում գնալով կոռուպցիայի համաթիվը բարձրանում է։ «Դրան զուգահեռ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կառույցներ են ստեղծվում, քայլեր են արվում։ Ինչպես ասում են՝ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց երբ այդ թղթերից ուզում են անցնել իրականության, արդեն խնդիրներ են առաջանում։ Ծրագրի ղեկավարները նայում են կոռուպցիայի ընկալմանը, իսկ ընկալումը դժբախտաբար չի փոխվում և գնալով սահուն կերպով վատանում է։ Իսկ եթե ընկալումը չի փոխվում, նշանակում է՝ քաղաքական կամքը չի բավարարում, որ թղթի վրա կատարված փոփոխությունները գործի դրվեն։ Սա է պատկերը»,- ասաց Հոկտանյանը։