Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
19:17, September 6, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Լիա ՄիսակյանԱյսօր՝ 2018թ. սեպտեմբերի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը:
Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման:
Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Այսօր կայացած դատական նիստին Լ. Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը չէր ներկայացել, բայց ամբաստանյալը հնարավոր համարեց նիստն առանց պաշտպանի շարունակելը:
Զ. Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանն իր պաշտպանական ճառում վերահաստատեց նախկինում հայտնած համոզմունքն այն մասին, որ դատարանը պետք է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի սահմանադրականության հարցով դիմեր ՀՀ Սահմանադրական դատարան, իսկ այդ միջնորդությունը մերժելուց հետո՝ ինքնաբացարկ հայտներ: Ըստ պաշտպանի՝ դատարանի անկախությունը և անաչառությունը պետք է տեսանելի լինի կողմի համար, ինչն այս դեպքում բացառվում է։
Նշեց, որ չկա իր պաշտպանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու որևէ իրավաչափ նպատակ և միջնորդեց Զ․ Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակել։ Ամբաստանյալը միացավ պաշտպանին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
Իսկ պաշտպան Գիվի Հոնվհաննիսյանի՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու մասին հարցին պատասխանեց, որ այժմ քննարկվում է միայն պատժի նշանակվան հարցը, հետևաբար՝ այս վարույթում կարող են կիրառվել միայն պատժից ազատելու հիմքերը: Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով անձը կարող է ազատվել ոչ թե պատժից, այլ քրեական պատասխանատվությունից, իսկ ամբաստանյալներն այս դեպքում օրենքով սահմանված ժամկետներում արդեն իսկ ենթարկվել են քրեական պատասխանատվության։
Բացի դրանից՝ վաղեմության ժամկետներն ընդհատված չեն. դատարանը չի կարող ամբաստանյալներին ազատել քրեական պատասխանատվությունից մի արարքի կատարման համար, որով նրանք արդեն իսկ ենթարկվել են քրեական պատասխանատվության։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելուն, Տ. Սիրադեղյանը նշեց, որ դատարանը Սահմանադրական դատարան կարող է դիմել իր կողմից կիրառվող նորմի առնչությամբ, բայց ոչ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի:
Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ իր ռեպլիկում հակադարձեց, թե սահմանադրականության հարցը չպետք է նեղ դիտարկել, լայն դիտարկելու դեպքում կարող էր դիմել Սահմանադրական դատարան: Անդրադառնալով վաղեմության ժամկետների հարցին՝ պաշտպանը նշեց, որ դրանց ընդհատման մասով օրենսդրական կարգավորումներ ՀՀ Քրեական օրենսգրքում չկան:
Ամբաստանյալները վերջին խոսքով հանդես գալու ցնակություն չհայտնեցին:
Դատարանը վճիռը կհրապարկի վաղը՝ 2018 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին: