«Պաշտպանության նախարարն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել». Արթուր Սաքունց
13:04, January 17, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրավունք չունի որևէ զինծառայողի բուժման համար դրամահավաք անցկացնելու կոչ անել, քանի որ դա անհամատեղելի է նախարարի պաշտոնի հետ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերին բուռն քննարկումների թեմա դարձած նախաձեռնությանը:
«Կոնկրետ խնդիրը վերաբերում է զինծառայողի աջակցությանը, որի խնդրի լուծումը հանդիսանում է պետության, ավելի կոնկրետ` պաշտպանության նախարարի պարտականությունը: Եվ փոխանակ մտահոգվելու կամ մտածելու իր պարտականությունն արդյունավետ ու պատշաճ կատարելու մասին, նախարարն այդ պարտականության իրականացումը վերստին տեղափոխում է քաղաքացիների վրա, ովքեր արդեն իրենց պարտականությունը հարկերի վճարման ձևով կատարել են»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Վիգեն Սարգսյանը` որպես կառավարության անդամ, պետք է հարց բարձրացնի բյուջեի ռեսուրսների անբավարար լինելու պատճառների վերացման, այդ ռեսուրսների ավելացմանը նպաստող քաղաքականության վերաբերյալ: Այսինքն՝ պետք է գործադրել նախարարին տրված լծակներն ու գործառույթները և ոչ թե անգործությունը կոծկել նման պոպուլիստական նախաձեռնությամբ:
Նշենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս միացել էր վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար դրամահավաքին՝ կոչ անելով օգնել զինծառայողի բուժումն արտերկրում կազմակերպելու համար:
Նա իր կոչը հիմնավորել էր հետևյալ կերպ. «Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է»:
Նրա կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված այս գրառումը բուռն քննարկումների թեմա էր դարձել, օգտատերերի մեծ մասը քննադատում են նախարարին, ընդհուպ նրանցից մեկը բոշայություն էր որակել նախարարի կոչը: Ի պատասխան Վիգեն Սարգսյանը գրել էր` «Բոշան դու ես»:
Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացիների հասցեին վիրավորանքներ հնչեցնելուն, Արթուր Սաքունցն ասում է, որ պաշտոնատար անձինք, նշանակվելով որևէ պաշտոնի, պետք է պատրաստ լինեն լսելու և՛ հասարակության քննադատությունները, և՛ հայհոյանքները:
«Դա իրենց ընտրությունն է, որ գնացել են այդ պաշտոնին: Ոչ ոք ոչ ոքի չի պարտադրում գնալ ու նախարար աշխատել: Ավելին, քաղաքացիներն ազատ են իրենց կարծիքն անգամ ամենածայրահեղ ձևով արտահայտելու, որը պաշտպանված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային փաստաթղթերով, և դա է իրավական ու ժողովրդավարական պետության հատկանիշը: Իսկ պաշտոնատար անձի կողմից նման պատասխանը կամ քաղաքացուն հակադարձելը հանդիսանում է պաշտոնեական դիրքի չարաշահում»,- ասում է իրավապաշտպանը: Նա հիշեցնում է, որ նախարարի աշխատանքի արդյունավետությունը գնահատում է հանրությունը, այսինքն՝ վճարողը: Եվ Վիգեն Սարգսյանը պետք է պատրաստ լինի տանելու ոչ միայն Սերժ Սարգսյանի կշտամբանքները, այլ նախևառաջ պետք է իմանա, որ քննադատողի դերում հանդես գալու իրավունք ունի նաև քաղաքացին:
Նշենք, որ այս դեպքն ուշագրավ է նաև նրանով, որ Ալբերտ Դալլաքյանը վիրավորվել էր իր հրամանատարի՝ Ավագ Նահապետյանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով: Այսինքն՝ նախարարը ոչ թե հակառակորդի գնդակից վիրավորում ստացած զինծառայողին օգնելու կոչ է անում, այլ ներքին խնդիրների հետևանքով առաջացած հարցն է ուզում լուծել:
Արթուր Սաքունցը նշեց, որ ժամանակին հանդիպել է Ալբերտ Դալլաքյանի ծնողների հետ: Այն ժամանակ կար տեղեկություն, որ նա հրամանատարի կրակոցից է տուժել:
«Եվ հենց այստեղ է հիմնական հարցը, որ պաշտպանության նախարարը պետք է հանդես գար որպես պաշտոնատար անձ՝ հանրության առաջ իր գործառույթների իրականացման հաշվետվությամբ, թե ինչ է արվել իր կողմից կոնկրետ դեպքով, որպեսզի վերանայվեր մեղավոր անձի հետագա ծառայության հարցը: Ավելին, պետք է հաշվետվություն ներկայացներ, թե նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ ինչ քայլեր է արել, հատկապես որ բանակում նմանօրինակ դեպքերը շարունակվում են: Եվ այս տարի արդեն 4 զինծառայող է մահացել, որոնցից միայն մեկն է հակառակորդի գնդակից զոհվել»,- ասում է նա: Արթուր
Սաքունցը նկատում է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ անփութության մեջ մեղադրվող հրամանատարը մինչ օրս չի պատժվել:
Նշենք, որ թեև կառավարության որոշմամբ վիրավոր զինծառայողների բուժումը նաև արտերկրում կազմակերպելու իրավունք կա, որի համար պետք է գումար հատկացվի պետական բյուջեից, բայց նման դեպքերը շատ քիչ են: Խնդիրն այն է, որ ըստ կառավարության որոշման՝ այդ հիվանդությունը Հայաստանում բուժելու անհնարինության պայմաններում միայն կարող են բյուջեից գումար հատկացնել՝ արտասահմանում բուժումը կազմակերպելու համար: Եվ հաճախ պատճառաբանվում է, թե զինծառայողին բյուջեի միջոցներով արտերկիր տանելու կարիք չկա, քանի որ այդ հիվանդությունը նաև Հայաստանում է բուժվում:
Արթուր Սաքունցն ասում է, որ յուրաքանչյուր դեպքով, երբ զինծառայողն ունի առողջական խնդիր, պետք է լինի հստակ բժշկական ախտորոշում:
«Երկրորդ` պետք է օբյեկտիվ գնահատվի, թե արդյոք Հայաստանում նման խնդիրները լուծվո՞ւմ են: Շատ կարևոր է պարզել, թե լուծվելու դեպքում էլ արդյունավե՞տ է լինում բուժումը, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները պետք է տա առողջապահության նախարարությունը»,- ասում է իրավապաշտպանը: