Զինծառայող Գ. Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալները դատարան չէին ներկայացել
18:06, December 7, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստին ամբաստանյալներ Հ․ Մուրադյանն ու Մ․ Ոսկանյանը չէին ներկայացել:
Բացակայում էին նաև նրանց պաշտպանները:
Դատական նիստից առաջ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից տեղեկացրել էին դատարանին, որ չեն ապահովել ամբաստանյալ Հ․ Մուրադյանի ներկայությունը, քանի որ չեն ստացել դատական ծանուցագիրը։ Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատական նիստի ծանուցագիրն ուղարկվել է զորամասի հասցեով, սակայն հետ է ուղարկվել անհայտ նշումով։
Ամբաստանյալի բացակայության պատճառով գործի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ․ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ին։
Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):
Գևորգ Խաչատրյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախորդ դատական նիստերին հարցաքննվել են գործով ներգրավված վկաներն ու ամբաստանյալները: Նրանք պնդում էին, որ նախաքննության ընթացքում քննիչն ուղղորդել է իրենց: