Անպատասխանատվության մասին խոսողներն անպատասխան թողեցին զեկույցը` 200$ – 50.000$ կաշառք վերցնող դատավորների և դատական համակարգի մասին
10:11, February 7, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը» երկրորդ անգամ քննարկման է ներկայացվել ԱԺ-ում:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առաջարկով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի նաև ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված խախտումների փաստով:
Կոստանյանն այն կարծիքին է, որ բոլոր ատյանների դատավորներից յուրաքանչյուրն իրենց խախտումների համամասնությամբ պետք է պատժվեն: Սա Կոստանյանը հիմնավորում է այսպես. «Առաջին ատյանը կասի՝ ես սխալվել էի, լավ, վերաքննիչը կուղղեր, վերաքննիչն էլ կասի՝ թող վճռաբեկն ուղղեր, բայց դա նշանակում է, որ առաջին ատյանի դատավորը երբեք պատասխանատվության սուբյեկտ չի կարող լինել, որովհետև կան այլ ատյաններ: Այսինքն՝ ստացվում է՝ անպատասխանատու է առաջին ատյանի դատարանի դատավորը, ինչը բերում է անպատասխանատվության: Հետևաբար, Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի, թե ինչ համամասնությամբ պետք է պատժել դատավորներին»:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ այն կարծիքին է, որ եթե տեղի է ունեցել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, այդ դեպքում դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ. «Որովհետև դատական համակարգը պետք է ինքնամաքրվի և պետք է նաև մաքրվի այն դատավորներից, որոնք իրենց թույլ են տալիս օրենքի կոպիտ ու անկհայտ խախտում»,- ասում է նա:
Սա նման է ժամանակ առ ժամանակ ընտրակեղծարարներին «պատժելու» մարտավարությանը, երբ խայտառակ ընտրական գործընթացից հետո մի քանիսը, ովքեր գործել են անզգույշ ու փնթի, դառնում են քավության նոխազ և ենթարկվում պատասխանատվության: Ընտրություններից հետո հարուցված քրեական գործերով համապատասխան մարմիններն «օպերատիվ» ու, ամենակարևորը, աղմկոտ աշխատանք են տանում՝ ցույց տալով, թե ընտրական գործընթացն անցել է սահուն, իսկ նրանք, ովքեր ոտնձգություն են կատարել և փորձել խաթարել ընթացքը՝ հօգուտ իշխանական ուժերի, ահա պատժվում են:
Կա կարծիք, որ այս գործընթացի մեկնարկը տվել են ներքին և արտաքին սպառման համար, որ հատկապես միջազգային կառույցներին հավաստիացնեն, թե «մեկ քայլ առաջ են քայլել»:
«Թիվ մեկ ընտրակեղծարարը Սերժ Սարգսյանն է, թիվ մեկ պատասխանատուն մարդու իրավունքների խախտման համար, Սերժ Սարգսյանը, ով մինչև հիմա մարտի 1-ի հանցագործության, պետական ահաբեկչությանն իրավական գնահատական տալու ուղղությամբ ջանքեր չի գործադրել, որովհետև թե ՀՔԾ-ն է իրեն ենթարկվում, թե ՀՀ գլխավոր դատախազությունն է իրեն ենթարկվում…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով՝ պետք է պատժել դատավորին քաղաքական հրահանգ տվողին, այլապես հարց է առաջանում՝ ինչպե՞ս են դատավորներն իրենց սխալի համար պատժվելու, երբ դատական համակարգը կախված է գործադիր իշխանությունից:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վերջին որոշումներից մեկում շատ հստակ գնահատական է տրված ՀՀ վճռաբեկ դատարանին և մասնավորապես վճռաբեկ դատարանի նախագահին՝ Մկրտումյանին: Եվ կարծես թե մինչև հիմա որևէ հայտարարություն, մեկնաբանություն վճռաբեկ դատարանի նախագահին պատասխանատվության ենթարկելու, կամ նրան պաշտոնից հեռացնելու, կամ պաշտոնի անհամապատասխանության վերաբերյալ հարցադրումներ չենք լսել»,- ասում է իրավապաշտպանը:
Նա նաև հիշեցնում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցի մասին, որն առնչվում էր դատական երեք ատյանների կոռումպացված լինելուն:
Հիշեցնենք, որ զեկույցը բավականին աղմկոտ էր, հատկապես դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմներին վերաբերող հատվածը և սակագները՝ 200$ – 50.000$:
Զեկույցում խոսք է գնում նաև դատական համակարգում գործող վարչահրամայական ուղղաձիգի մասին, ըստ որի՝ վճռաբեկ դատարանի կողմից հսկողություն է իրականացվում ստորադաս դատարանների դատավորների նկատմամբ և ցուցումներ է տրվում, թե ինչ որոշումներ կայացնեն: ՄԻՊ-ի կողմից այդ զեկույցն ուղարկվել էր նաև դատավորներին:
«Ինչպե՞ս վերաբերվեցին այդ զեկույցին: Ընդհանրապես որևէ անդրադարձ չեղավ: Մենք օրակարգում ունենք այդ զեկույցը, և դրանում բարձրացված խնդիրներին լուծումներ չեն տրվում: Թող նախ սրա մասին խոսեն և ոչ թե խնդիրների իրական վիճակը խեղաթյուրած ներկայացնեն: Եվ ի վերջո, դատավորներին հրահանգ, այդ թվում քաղաքական հրահանգ տվողներին պետք է պատժել: Դատավորներին անկախություն չապահովողներին պետք է պատժել: Թե չէ, մի կողմից դատավորներին հրահանգում են ընդունել ապօրինի որոշումներ՝ հակառակ դեպքում սպառնալով կամ աշխատանքից հեռացնել, կամ քրեական հետապնդման ենթարկել, մյուս կողմից էլ նրան ենթարկել պատասխանատվության Եվրոպական դատարանում այդ խախտումների արձանագրման համար, դա, մեղմ ասած, բարոյական չէ: Որովհետև դու խոցելի մարդու նկատմամբ երբ որ պահանջներ ես ներկայացնում, ապա կրկնակի խոցելի ես դարձնում: Ինչպես ասում են, երկու ջրի արանքում կհայտնվեն:
Այսինքն, համակարգային այլ բնույթի խնդիրներ կան, որի մեղավորը գործադիր իշխանությունն է, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Արթուր Սաքունցը:
Նրա կարծիքով «ոչ գրագետ և պոպուլիստական» ձևակերպումներով ՀՀ իշխանությունները չեն կարողանա ստեղծել տպավորություն, որ իրապես շահագրգռված են դատական համակարգը բարեփոխելու: Ոչ թե դատական իշխանության նկատմամբ պետք է մեծացնեն ճնշումները, այլ հակառակը, պետք է քայլ կատարել դատավորի անկախությունն ապահովելու ուղղությամբ, որը չի արվում:
«Անհրաժեշտ պայմաններն ապահովված չեն՝ դատավորի անկախության և դատական իշխանության ինքնավարությունն ապահովելու ուղղությամբ: Այդ ոտնձգությունները դատական իշխանության և դատավորների նկատմամբ, ընդհակառակը, քմծիծաղ կառաջացնի որևէ միջազգային կառույցի փորձագետի կողմից և միանշանակ կընկալվի ոչ ադեկվատ, ոչ համարժեք մոտեցում՝ խնդիրների լուծման տեսակետից»:
Արթուր Սաքունցը հույս ունի, որ միջազգային կառույցներին այս քայլերով չեն կարողանա խաբել, թե իբր դատական օրենսգիրքը բարեփոխել են, ինչի արդյունքում պետք է ունենանք դատական անկախ համակարգ:
«ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը, ի տարբերություն նախորդ նման ծրագրերի, կոշտ պահանջներ ունի: Այսինքն, գործ պետք է արվի, ռեալ արդյունք ցույց տրվի, և նոր ֆինանսավորումը կստանան: Ֆինանսավորումը չի լինելու ավանսով՝ խոստումների հիման վրա տրվող ֆինանսավորում: Ավելին, նաև ֆինանսների ծավալներն են կրճատված, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի»:
Անցած տարի ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամները Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ծեծի ենթարկվեցին ոստիկանների կողմից։ Որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Արթուր Սաքունցի խոսքերով՝ մարդկանց, ովքեր հայտարարում են դատական համակարգը բարեփոխելու ցանկության մասին, հարկավոր է հիշեցնել կատարվածը.
«Դա ոտնձգություն էր դատական իշխանության նկատմամբ, և դրա հովանավորողը հանդիսանում է քաղաքական իշխանությունը, որովհետև ոտնձգություն և բռնություն կատարած ոստիկանին նույնիսկ ոստիկանական կոչում են բարձրացնում: Սրանից առավել ուշագրավ փաստ, թե իրականում ինչպիսին է վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ, չէր կարող լինել: Սա պետք է դարձնել առաջնային խնդիր և հարցադրել՝ ինչպե՞ս կարող եք դուք մտահոգված լինել դատական իշխանության որակի, անկախության բարձրացմամբ, երբ որ դատական իշխանության նկատմամբ ոստիկանների կողմից կատարված ոտնձգությունը մնում է անպատիժ: Սա է ձեր վերաբերմունքը դատարանի նկատմամբ, որի նպատակն է նրան դարձնել պարզապես ենթակա կառույց գործադիր իշխանությանը»: