ՀՀ-ԵՄ համաձայնագրի մոտեցումներում և իշխանությունների գործելակերպում ընդհանրություն չկա. Սաքունց
13:09, January 8, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը որևէ կերպ չի տեղավորվում այն կարգավիճակի հետ, որում գտնվում է Հայաստանը՝ հենց նույն իշխանության քաղաքականության շնորհիվ։ Այդ մասին «Ազատության» Կիրակնօրյա վերլուծականի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Տրամաբանություն փորձել գտնել Սերժ Սարգսյանի կամ իր ակումբի գործողություններում, որոշումներում, շատ դժվար է։ Դա այն մարդն է, որը հստակ հայտարարեց, որ ինքն էլ է գտնում՝ նույն անձի կողմից երկու անգամից ավել երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելը ճիշտ չի համարում, բայց հիմա գիտենք, որ մեծ թափով գնում է դեպի վարչապետական աթոռին», – ասաց իրավապշտպանը։
Ըստ Սաքունցի, խնդիրների տրամաբանական մոտեցումները, որոնք պետք է լուծվեն այդ համաձայնագրի շրջանակում, և այն գործելակերպը, որի մասին նշվում է, «ընդհանրություն չկա»։
«Այդ առումով ձևակերպումը, որ կար Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրում, արդյո՞ք դա կարող է իրականացվել, դա արդեն կասկածի տակ է դրվում», – ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. – «Այո՛, մենք գտնում ենք, որ Հայաստանում փոփոխությունների իրականացման, ժողովրդավարացման, մարդու իրավունքների բնագավառում փոփոխությունների կայացման տեսակետից, որպես լավ գործընկեր, Եվրամիությունն է, որն այն տարածաշրջանն է, որը լավագույնս է իրականացրել այդ ամեն ինչը, բայց չէինք ասում և չեմ էլ ասում, որ դա հնարավոր է իրականացնել Եվրասիական տնտեսական միություն մեջ։ Իհարկե, եթե դու կնքում ես, կամ ստորագրում ես այդ համաձայնագիրը՝ Եվրամիության հետ, դա նշանակում է, որ դու պետք է հրաժարվես մյուս միության կազմում գտնվելուց։ Սա կարող էր երաշխիքը լինել, և դրա համար թերահավատությունը ոչ միայն այս իշխանության որակի մասին է խոսքը, որպեսզին նշվեց մարդու իրավունքների բնագավառում անցած տարվա ապրիլի 2-ի խայտառակ ընտրությունների փաստով, դատարանում մեղադրյալներին բռնության ենթարկելու փաստով, ՍԱՍ գրուպի հայտնի ձայնագրության փաստով որևիցե քննություն չիրականացնելով, տնօրենների զանգվածային ներգրավմամբ ընտրողների հավաքագրման, նրանց կամքի վրա ճնշման ձայնագրությունների հիմքով քրեական գործ չհարուցելու փաստով։ Այսինքն՝ այստեղ խոսքը ոչ միայն ներքին որակի մասին է, այլ խնդիրը վերաբերվում է հենց նաև այդ անհամատեղելին համատեղելու անտրամաբանության մեջ»։
Այդ պայմանագրին գնալը «կոնկրետ փողեր բերելու նպատակ ուներ»
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ իշխանությունների՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը «կոնկրետ փողեր բերելու» նպատակ ուներ։
«Ի՞նչ պայմանագրեր են պետք, կամ քանի՞ միլիոն եվրո է պետք, որպեսզի դատարանի շենքում մեղադրյալները չծեծվեն։ Քաղաքական կամքի առկայության դեպքում, ոչ մի դրամ և ոչ մի պայմանագիր, որևէ մեկի հետ պարտադիր չէ, որպեսզի իշխանությունը կատարի իր բուն պարտականությունները։ Համարում եմ, որ այդ պայմանագրին գնալը շատ կոնկրետ փողեր բերելու նպատակ ուներ՝ իշխանությունը պահելու, իշխանության երկարակեցություն ապահովելու և ինչ-որ գուցե դրական իմիջ ստեղծելու իր շուրջը, որպեսզի հավակնի մի քիչ ավելի համարձակ ասելու, որ «միտքս փոխել եմ, ուզում եմ առաջնորդել ձեզ մինչև Քրիստոսի վերադարձը, կամ երկրորդ գալուստը», ապրիլի 9-ին նկատի ունեմ, հրաժարվի իր խոսքից և Եվրոպայի բարեհաճությունն ունենա դրա տակ, որ, «հա, տեսեք մարդը Եվրոպայի հետ մերձեցման կամ քաղաքական բարեփոխումների կամք է դրսևորում, մեր մարդն է, մեր տղեն է, թող գնա, անի»։ Բայց դա չէր գլխավորը, կարևորը, ունենալ իշխանության գոյությունը պահելու, երկարաձգելու ևս մի քանի տասնյակ միլիոն եվրո, այլապես որևէ բացատրություն չստացանք այն բանի, թե ինչու է այդպես ձգտում դեպի եվրոպական բարեփոխումներ, իսկ երկրում կատարում է դրա ճիշտ հակառակը մարդու իրավունքների ոլորտում»։