Վերջին հինգ տարիներին բանակում մահերի թիվը նվազում չի արձանագրել
10:39, November 8, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱզգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը չի լուծում բանակում խաղաղ պայմաններում միջանձնային կամ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող մահվան դեպքերի կանխարգելման հարցը: Իսկ այդ դեպքերը տարեցտարի ավելանում են:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ նոր օրենսդրությամբ բանակը համապատասխան թվաքանակով ապահովելու հարցերն են փորձում լուծել, բայց եղած թավաքանակը պահպանելու խնդիր դրված չէ: Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումները նաև որոշ չափով վերաբերում են բժշկական փորձաքննության հարցերին, բայց այն կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են զինվորական ծառայության ընթացքում բողոքարկման մեխանիզմներին, իրավունքների պաշտպանությանը կամ կանոնադրական հարաբերությունների նկատմամբ հսկողության սահմանմանն ու պատասխանատվության բարձրացմանը, այս օրենսդրական փաթեթով չեն լուծվում:
«Կարգավորումների մի խումբ էլ վերաբերում է փոխհատուցումներին, որոնք կապված են մարտական գործողությունների հետևանքով մահացության դեպքերին կամ վիրավորվելուն: Սա ամբողջական լուծում չի տալիս, որովհետև չի անդրադառնում մարտական գործողությունների, միջանձնային, կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով անձանց կրած վնասների փոխհատուցմանը, չնայած դրանք նույնպես հանդիսանում են պետության պատասխանատվության ներքո գտնվող անձինք: Պետությունը և Սահմանադրությամբ, և միջազգային նորմերով ուղղակի պատասխանատվություն է կրում իր հսկողության տակ գտնվող անձի առողջության պահպանման, նրա կրած վնասների փոխհատուցման համար՝ անկախ վնասների առաջացման պատճառներից»,- մեզ հետ զրույցում նշեց Սաքունցը:
Նրա խոսքով՝ այն փոխհատուցումները, որոնք դրվում են օրենսդրական փաթեթի հիմքում, հիմնականում ուղղված են հենց մարտական գործողությունների հետ կապված խնդիրների լուծմանը, և կարծես «փող կյանքի դիմաց» կամ «փող առողջության դիմաց» սկզբունքով են առաջնորդվում: «Սա հրեշավոր ու հակամարդկային մոտեցում է»,- ասում է իրավապաշտպանը:
2014 թվականից սկսած բանակում գրանցվող մահացության ընդհանուր թվում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացություննեերի թիվը կազմում է 50-55 տոկոս, մյուս կեսը կազմում են կանոնադրական հարբերությունների խախտման հետևանքով դեպքերը՝ ինքանասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ և այլն: Այս վերլուծությունն իրականցրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ տարեցտարի ավելանում է ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով բանակում մահացությունների թիվը:
2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետևանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատ ավելացել է 15-ով: 2014 թ-ին գրանցված մահացության 46 դեպքերից 26-ն է տեղի ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Մնացած 20 դեպքերը խաղաղ պայմաններում գրացված մահեր են՝ սպանություններ, ինքնասպանություններ, պատահարներ և այլն:
2015 թվականին արդեն խաղաղ պայմաններում մահվան 35 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ 2015-ին բանակում գրանցվել է մահացության 76 դեպք, որից 41-ն է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մեջ մեծ տեղ են զբաղեցնում ինքնասպանության հասցնելու ու սպանության դեպքերը:
2016 թվականին, ապրիլյան պատերազմով պայմանավորված, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերն անհամեմատ մեծ են եղել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2016 թ-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի է ունեցել մահացության 175 դեպք: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, նախորդ տարի բանակում գրանցվել է նաև ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու 13 դեպք:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում բանակում մահացել է 46 զինծառայող։ Նրանցից 29-ը ժամկետային զինծառայողներ են, 17-ը՝ պայմանագրային։ Արձանագրված մահվան դեպքերից 17-ը տեղի են ունեցել ՀՀ- ում, իսկ 29-ը՝ ԼՂՀ-ում։ Մահացության 46 դեպքից 21-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 6-ը՝ սպանության, 6-ը՝ դժբախտ պատահարների, 9-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 4-ը՝ առողջական պատճառներով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 28 դեպքի համեմատ՝ 2017-ի առաջին 9 ամիսներին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը նվազել է: Սպանության, ինքնասպանության և դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերի թիվը ևս նվազել է, փոխարենը զգալիորեն աճել է առողջական պատճառներով մահացությունների թիվը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 դեպք, իսկ 2017-ի սեպտեմբեր-հունվար ամիսներին՝ 4 դեպք:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» (http://safesoldiers.am/4912.html ) ծրագրի շրջանակներում իրականացված վերլուծության համաձայն վերջին հինգ տարիներին բանակում մահերի թիվը նվազում չի արձանագրել:
2012 թվականին, այս ծրագրի շրջանակներում հրապարակված վիճակագրության համաձայն՝ բանակում գրանցվել էր մահվան 54 դեպք, որից 12-ն էր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Նույն ժամանակահատվածում գրանցվել էր ինքնասպության 13, պատահարների հետևանքով մահվան 14 դեպք:
2013 թվականին գրանցվել է մահվան 32 դեպք, որից ընդամենը 5-ն է եղել հրադարադի ռեժիմի խախտման հետևանքով: Նույն ժամանակահատվածում գրանցվել է սպանության 5, ինքնասպանության 8 դեպք, իսկ դժբախտ պատահարների հետևանքով մահերը կազմել են 8:
2014 թվականին բանակում գրանցված մահվան դեպքերից 26-ն են եղել հրադադարի խախտման հետևանքով, գրանցվել է ինքնասպանության 3, դժբախտ պատահարի 3, սպանության 4 դեպք: 2015-ին, ըստ «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի վիճակագրության, բանակում գրանցվել է դժբախտ պատահարի 20, սպանության 6, ինքնասպանության 7 դեպք:
2016-ին, չնայած ապրիլյան պատերազմի հետևանքով զոհերի թիվը մեծ էր, այդուհանդերձ բանակում գրանցվել է սպանության 7, ինքնասպանության 13, դժբախտ պատահարի 14 դեպք:
«Եթե բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը կանխարգելեին, այսօր բանակը համալրելու խնդիր ընդհնարապես չէր լինի»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Թեև արտագաղթն այս հարցում կարևոր գործոն է, բայց, ըստ իրավապաշտպանի, խաղաղ պայմաններում բանակում մահացությունների թիվը մեծ է:
«Եթե վերցնենք վերջին 10 տարիների մահերի վիճակագրությունը, կտեսնենք, որ այդ դեպքերի թիվը մեծ է: Այս թվերը գումարելու դեպքում մենք կունենանք հարյուրավոր մահեր, սրանք սարսափելի թվեր են: Եվ որևէ մեկը՝ սկսած գերագույն գլխավորն հրամանատարից, չի մտածում այս մասին ու պատասխանատվություն չի կրում ստեղծված իրավիճակի համար»,- ասաց նա:
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին արտառոց է այն, որ Պաշտպանության նախարարությունը մտածում է ինչպես անել, որ շատ մարդ զորակոչեն բանակ, արդեն ասպիրանտներին էլ են ուզում զորակոչել: Բայց զինվորի կյանքի մասին որևէ պատասխանատվություն չեն ստանձնում:
«Ավելին, եթե խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպք է լինում, Պաշտպանության նախարարությունում անգամ ծնողին չեն ընդունում: Պատասխանատվության իսպառ բացակայություն է, երբ որ զինվորի կյանքի համար պատասխանատու են հենց իրենք: Նույնիսկ այն դեպքերում, երբ տարվա ընթացքում նույն զորամասում մի քանի նման դեպք է լինում, միևնույնն է հրամանատարները պատասխանատվություն չեն կրում»,- ասաց նա: