Բժիշկները մահացած զինվորի գործով դատին մասնագիտական սոլիդարություն են դրսևորում
11:59, December 8, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՉնայած սրտի հիվանդություն չունեցող անձի մոտ սրտի զարկերի նորման պետք է լինի 60/90 կամ 60/100, 2015 թվականին բանակում մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործով դատաքննության ժամանակ վկա բժիշկները երեկ՝ դեկտեմբերի 6-ին, պնդել են, որ զինվորի մոտ արձանագրված 110 զարկը ևս համարվում է նորմալ: Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:
«Հաջող էր անում, ասում էր՝ շատ մի՛ տխրեք, ես վաղը հետ եմ գալու։ Մենք գնացինք Երևան՝ կենտրոնական հավաքակայան, մտածեցինք՝ հետ կտանենք նրան հետներս Արտաշատ, բայց ասացին՝ չէ, քեզ տանում ենք բանակ․․․», — Epress.am-ի հետ զրույցում պատմել է մահացածի քույրը՝ Արտաշատի բնակիչ Ինեսսա Մոսիյանը։ Մինչև զորակոչի վերջին օրը՝ զինծառայողը և նրա ընտանիքը չեն հավատացել, որ հիվանդ զինվորին կարող են բանակ զորակոչել։
19 տարեկանում Սուրենը կշռել է մոտ 40-45 կգ։ 2015թ. մարտի 4-ին պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ նրա մոտ հայտնաբերվել է «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը: Սակայն վերջում նույն բժիշկը գրել է, որ դա համապատասխանում է նորմային։ Նշված ախտորոշումը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին, որի հիման վրա, ըստ Մոսինյանի իրավահաջորդի փաստաբան Անի Չատինյանի, զորակոչային հանձնաժողովի սրտաբանը պարտավոր էր ուղեգրել լրացուցիչ՝ ավելի խորքային հետազոտությունների։
«Սակայն սրտաբան Սեդա Թադևոսյանը, անտեսելով դրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, համարելով, որ տրված եզրակացությունը բավարար է, Սուրեն Մոսիյանին ճանաչել է զինծառայությանը պիտանի, և 2015 թ. հուլիսի 25-ին վերջինս զորակոչվել է», — մեզ հետ զրույցում ասել է Չատինյանը:
«Որ գնաց կոմիսիայի, եկավ ուրախ-ուրախ, ասաց, մա՛մ, ես առողջ եմ։ Ասել եմ, ո՞նց էդպես կլինի», — ասել է Մոսիյանի մայրը՝ Անժելա Մոսիյանը։
Կինը հիշել է որդու պատմածը․ երբ Սուրենը գնացել է գլխավոր հետզոտության, այնտեղ նստած երկու գեներալներից մեկն ասել է․ «Դրան տանենք՝ ի՞նչ անենք»։ Մյուսն էլ Սուրենին ասել է․ «Լավ տղա ջան, բարի ծառայություն»։
Հաջորդ օրը մայրը գնացել է զինկոմիսարիատ․ «Ասել եմ՝ իմ երեխան հիվանդ է, հանկարծ բան չլինի։ Եթե իմ երեխու հետ մի բան լինի, եթե ինքը հետ չգա, մեղավորը դուք եք լինելու։ Էնտեղի աշխատողը ասաց՝ ինքը ոչ առաջինն է, ոչ վերջինը»։ Մոր խոսքով՝ իրենց ասել են, թե արդեն ուշ է, որևէ բան փոխել չեն կարող։
Ծառայության ժամանակ մոր հետ հեռախոսազրույցների ընթացքում Սուրենը բողոքել է առողջությունից․ «Մա՛մ, շունչս կտրվում է, մա՛մ, լավ չեմ»։
Այդ ժամանակ էլ նա մորն ասել է, որ հնարավոր է՝ իրեն տուն ուղարկեն։ Տուն ուղարկելու փոխարեն, սակայն, ուղարկել են դիրքեր՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ։
«Ապրիլի 2-ին զանգում է՝ մա՛մ ինձ էլ են բարձրացրել վերև։ Ասում եմ՝ Սու՛ր, ո՞նց են բարձրացրել վերև, ասում է՝ չգիտեմ», ֊ պատմել է Անժելա Մոսիյանը։
Մայրը հիշել է, որ դեպքից դեռ մեկ ամիս առաջ՝ մայիսի 9-ին, եղբոր հետ հեռախոսազրույցի ժամանակ, Սուրենը ասել է․ «Եթե իմ հետ մի բան լինի, դագաղի մոտ մամային չթողնես, որ լացի․․․Ինչի՞ ինքը ախպորը այդ ասաց, չգիտեմ»։
2016 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող հրետանային դիվիզիոնի կրակային դիրքի կացարանում Մոսիյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։
«Նա 21։30, գտնվելով կացարանում, ասել է, որ իրեն լավ չի զգում, ձեռքով հենվել է սեղանին, այնուհետև ուշագնաց եղել, ընկել գետնին։ Հետո ուշքի է եկել, ասել, որ շունչը չի հերիքում։ Մարտունի տեղափոխելու ճանապարհին մահացել է», — գրված է դատական գործերի նյութերում։ Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարվածությունից, թոքերի այտուցից։
Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա սրտաբան Սեդա Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Իրականացված փորձաքննությունների եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության շրջանակում կայացած դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են գործով ներգրավված վկաներ, Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի թերապևտ Ալլա Ղազարյանը և սրտաբան Աշոտ Գևորգյանը:
Դեկտեմբերի 6-ի դատական նիստի ժամանակ, հարցաքննվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի սրտաբանը և ԷՍԳ արած բժիշկը։ Սեդա Թադևոսյանը դեռ չի հարցաքննվել։
«Հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ դարձավ, որ սրտի հիվանդություն չունեցող անձի մոտ սրտի զարկերի նորման պետք է լինի 60/90 կամ 60/100, չնայած դրան՝ բժիշկները դատարանում պնդում են, որ Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը ևս համարվում է նորմալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հարցաքննված բժիշկների մոտ «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը նորմալ է: Դրանում, նրանց պնդմամբ, ինչպես սիրտ-անոթային, այնպես էլ այլ հիվանդության կամ ախտահարման կասկած չկա», — Epress.am֊ին ասել է Անի Չատինյանը:
Նա կարծիք է հայտնել, որ հարցաքննվածները բշժկական սոլիդարությունից ելնելով ասում են, որ զորակոչիկները արագ բարձրանում են, իջնում, հուզմունքից կարող է 110 զարկ լինել։
«Սակայն դա ֆանտաստիկայի ժանրից է, բոլորս էլ գիտենք, թե ինչպես են իրականացվում զինվորական հետզոտությունները, այնպես չէ, որ իրենք վազելով կմտնեն պոլիկիլինիկա», ֊ նշում է Չատինյանը։
Մայրը համարում է, որ միայն Արտաշատի պոլիկլինիկայի սրտաբան Սեդա Թադևոսյանի անփութությունը չէ որդու մահվան պատճառը․ «Ինչի՞ եք բարձրացրել վերև։ Ինչի՞ ապրիլի 2-ից մինչև մայիսի 29-ը իմ երեխան մնացել է վերևում»։