ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միացել է Ֆաշիզմի և հակասեմիտիզմի դեմ համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպված տեղեկատվական արշավին
11:13, November 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունUNITED ազգայնականության, ռասիզմի, ֆաշիզմի դեմ և գաղթականների ու փախստականների աջակցության Եվրոպական ցանցի նախաձեռնությամբ, սկսած 1992 թ․-ից, նոյեմբերի 9-ը նշվում է որպես ֆաշիզմի և հակասեմիտիզմի դեմ համաշխարհային օր։
1938 թ․֊ի այս օրը նացիստական Գերմանիայում հրեաների դեմ խտրական վերաբերմունքը հասավ իր գագաթնակետին։ Նացիստներն սկսեցին հրեաների ջարդը․ ավերեցին հրեական տներ ու խանութներ, սինագոգներ, բանտարկեցին, վիրավորեցին ու սպանեցին հրաների ողջ երկրով մեկ։
Նոյեմբերի 9-ը նշվում է ի հիշատակ հրեական ջարդերի զոհերի և պատմության մեջ ֆաշիզմի հետևանքով երբևէ զոհ գնացած մարդկանց և որպես իրազեկում՝ նացիոնալիզմի, պոպուլիզմի, ծայրահեղականության և նեոֆաշիզմի վտանգների մասին։
Ամեն տարի UNITED ազգայնականության, ռասիզմի, ֆաշիզմի դեմ և գաղթականների ու փախստականների աջակցության Եվրոպական ցանցն անցկացնում է թեմատիկ տեղեկատվական արշավներ։ Այս տարի դրա շրջանակում «Այլևս երբեք» խորագրով պաստառների մրցույթին մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) կամավոր Էվա Յաշկովան։ Նրա պատրաստած պաստառը զետեղված է մրցույթի պատկերասրահում:
Հաղթող պաստառները կօգտագործվեն ֆաշիզմի և հակասեմիտիզմի դեմ համաշխարհային օրվա հաջորդ տարվա տեղեկատվական արշավի շրջանակում: