«Արդարադատություն» մեկ ցուցմունքով. լրացված
11:42, July 9, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԼոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ Հովիկ Մատինյանին, իր խոսքերով, հանիրավի մեղադրում են կողոպուտի մեջ:
Նա Ռուսաստանի Դաշնությունից Գյուլագարակ է եկել 2017 թ. հոկտեմբերին՝ զարմուհու հարսանիքին մասնակցելու նպատակով:
Այդ շրջանում էլ գյուղի մեկ այլ բնակչի տանից գողություն է կատարվել և վերջինս հայտարարել է, թե ճանաչել է գիշերը իր առանձնատնից 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը գողացողին և որ նա Հովիկ Մատինյանն է:
Հովիկ Մատինյանն էլ իր հերթին չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ այդ օրը նա գիշերել է մորեղբոր տանը և այդ ժամին քնած է եղել:
Հարուցված քրեական գործի շրջանակում, բացի տուժողի ցուցմունքից, Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան:
Ընդ որում՝ տուժողը նախնական ցուցմունքում գողություն անողին այլ կերպ է նկարագրել, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ գողության օրը շփոթված է եղել և չի կարողացել ամբողջական տեղեկատվություն տալ և պնդել է, թե գողությունը Հովիկ Մատինյանն է արել:
Անձին մեկ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը հակասում է ինչպես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ տուժողի ցուցմունքը պետք է գնահատվի այլ ապացույցների համակցությամբ, իսկ դրանց բացակայության դեպքում քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ իր նախադեպային որոշումներում ընդգծել է, որ ապացույցները չեն կարող գնահատվել կամայականորեն, դա պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Եվ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուշադրությամբ հետևելու է գործի ընթացքին:
Այսօր՝ 2018 թ. հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է հերթական դատական նիստը:
Լրացում: Հուլիսի 9-ին կայացած դատական նիստը հետաձգվեց. վկա Ջ. Մատինյանը պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէր ներկայացել: Դատարանը որոշեց բերման ենթարկել վկային և հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ. հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին: