ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ (HDIM) 2017 թ. հանդիպման շրջանակում Ա. Սաքունցը խոսել է ՀՀ-ում քաղհասարակության գործունեության տարածքի կրճատման միտումների մասին
15:34, October 2, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն«2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կայացված որոշմամբ Եվրասիական տնտեսական միություն մտնելու և դրան հաջորդած 2015թ. Սահմանադրական փոփոխությունների համատեքստում թե օրենսդրության, թե պրակտիկայի մակարդակում ՀՀ-ում զգալիորեն սահմանափակվել է քաղաքացիական հասարակության արդյունավետ գործունեության տարածքը և հնարավորությունը». այս մասին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ 2017 թ. հանդիպման (HDIM) շրջանակում հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը:
2017 թ. սեպտեմբերի 19-ի իր ելույթում՝ Ա. Սաքունցն անդրադարձել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության գործունեության տարածքի կրճատման միտումներին:
Վերջինս անդրադարձել է 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հարցում արձանագրված հետընթացին, հասարակական կազմակերպությունների մասին օրենքով հանրային շահը դատական ատյաններում ներկայացնելու սահմանափակումներին, այդ օրենքով ի սկզբանե սահմանված՝ պետության կողմից ՀԿ-ների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության ռիսկին, որը քննարկումների արդյունքում որոշվեց տարածել միայն պետության կողմից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների վրա:
2016 թ. մայիսին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար կանոնադրության մեջ մարդու իրավունքների մասին դրույթ ունենալու պահանջ է ներկայացվել, իսկ ԶԼՄ-ներին՝ սահմանափակ թվով լրագրողներ հավատարմագրելու պահանջ: Այս համատեքստում նշել է նաև հանձաժողովի անդամների քվեարկությամբ դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին տեղամասից դուրս հրավիրելու իրավունքին, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելու կամ այլ բողոքներ ներկայացնելու իրավունք չսահմանելուն:
Իսկ փոփոխված ընտրական օրենսգրքում այլ անձի փոխարեն քվեարկության դեպքի մասին դիմում ներկայացնելու իրավունք ամրագրելու առնչությամբ նշել է, որ միաժամանակ դրա համար նաև սուտ մատնության հոդված է նախատեսվել ՀՀ Քրեական օրենսգրքում, ինչին ևս, Ա. Սաքունցի գնահատմամբ, կարելի է վերագրել ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի ընտրությունների ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու մասին միայն մեկ դիմում ներկայացված լինելու հանգամանքը:
Ա. Սաքունցն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելություններին, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություների և մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքերին:
«Սասնա ծռեր» խմբի անդամների գործերով իրավապաշտպանության ինստիտուտի տարբեր օղակների սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ 2017 թ. հունիսի 28-ին դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին բռնության ենթարկելուց հետո քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին արգելել են տեսակցել նրանց, իսկ նրանց փաստաբաններին ապօրինի խուզարկության են ենթարկում:
Թեմայի շրջանակում անդրադարձ է եղել դիտորդություն իրականացնող խմբի գործունեությանն սպառնացող մեկ այլ ռիսկի ևս. ՀՀ Արդարադատության նախարարության օրենքի նախագծով ի սկզբանե առաջարկված, բայց չընդունված դրույթին, որով Նախարարությունն առաջարկել է Խմբի անդամներին ընդունել ոչ թե հենց Խմբի կողմից, այլ Արդարադատության նախարարության:
Ելույթի վերջում Ա. Սաքունցն անդրադարձել է հավաքների ազատության սահմանափակումներին, դրանց մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների անպատժելիությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հակաքարոզչությունը, հատկապես ռուսական աղբյուրներից սնվող կազմակերպությունների կողմից՝ Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի հնարավոր ստորագրման նախաշեմին:
Իր ելույթը Ա. Սաքունցը եզրափակել է այն եզրահանգմամբ, որ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների գործունեության տարածքը սահմանափակվում է ոչ այնքան նրանց գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթղթով՝ ՀԿ-ների մասին օրենքով, այլ նրանց գործունեության առանձին ոլորտները կարգավորող օրենսդրական ակտերի, ինչպես նաև գործնականում կիրառվող չարաշահումների միջոցով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի համատեղ հայտարարությունը` Ղարաբաղյան հակամարտության գոտում ՌԴ կողմից զենքի մատակարարումը դադարեցնելու մասին, ևս ընդգրկված էր նստաշրջանի օրակարգում
Ելույթի տեքստը՝ հայերենով և անգլերենով