Փակ հաստատություններում ապրող անձինք չեն կարողանում բարձրացնել իրենց խնդիրները. Արթուր Սաքունց
10:49, May 5, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի բոլոր փակ հաստատություններում՝ մանկատներ, ծերանոցներ, քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ և այլն, ունեն մի քանի համակարգային խնդիրներ: Tert.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով մի շարք իրապաշտպանների հետ ուսումնասիրություններ է իրականացրել նմանատիպ տարբեր հաստատություններում, նշեց, որ առաջին խնդիրը սանիտարահիգիենիկ պայմաններն են, այնուհետև նրանց բժշկական ծառայության մատուցումը և նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը:
«Այս հաստատություններում ապրող մարդիկ չեն կարողանում բարձրացնել իրենց հուզող հարցերը: Սա ևս շատ կարևոր խնդիր է: Այսօր բացակայում է բողոքարկման կամ դիմումների արդյունավետության մեխանիզմը: Եթե նրանց կողմից լինում են բողոքներ՝ ցանկացած հարցի հետ կապված, հիմնականում համոզում են կա՛մ հետ վերցնել բողոքը, կա՛մ հրաժարվել ասվածից»,– ասաց նա:
«Այսօր պետության հսկողության ներքո գտնվող անձը, որի նկատմամբ պետությունն ունի պարտականություն՝ անձի արժանապատվության, իրավունքների պաշտպանության, պատշաճ բժշկական օգնության և այլն, կատարվում է հակառակը: Մենք ունենք արժանապատվությունը խրոնիկ նվաստացնող վերաբերմունք»,- ասաց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով վերջերս Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության դեպքին, երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացրել էր, որ այնտեղ որպես պատժի միջոց երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին, ինչպես նաև ականատես էին եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում երեխայի մատերին ու անվայել խոսքեր ասում, նկատեց, որ նման առանձին դեպքերով է, որ համակարգի «հիվանդության» առկայությունը բացահայտվում է, բայց միևնույնն է՝ չկա լուծման մոտեցումը:
«Այսինքն՝ այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կոչված են իրավիճակը փոխելուն, ստանձնած պատասախանտվությունը պատշաճ մակարդակով իրականացնելուն, չեն իրականացվում: Անհրաժեշտ է աշխատանաքային կազմի լուրջ պատրատվածություն ապահովել»,– ասաց նա:
«Օրինակ՝ ՔԿՀ-ներում ունենք դիտորդական խումբ, բայց նրանց բարձրացրած հարցերը Արդարադատության նախարարության կողմից նույնիսկ պատշաճ քննության չեն ենթարկվում: Մենք ունենք անարդյունավետ վերահսկողություն և այդ պատճառով է, որ բարձրացված հարցերը ուշադրության չեն արժանանում»,- ասաց նա և ընդգծեց, որ պետությունը դեռ չունի փոփոխություն իրականացնելու կամք:
Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև վերոնշյալ փակ հաստատություններում գրանցվող մահվան դեպքերին և նշեց, որ մեծամասնության պարագայում անգամ քրեական գործ չի հարուցվում:
«Եթե բացառիկ դեպքերում հարուցվում են, որպես կանոն, պատասխանատվության ենթարկելու գործը համարում ենք ոչ բավարար, որովհետև հիմնականում հետո կարճվում են: Մենք ունենք նաև արդյունավետ քննության և արդյունավետ դատական վերահսկողության կարիք»,- ասաց նա:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան անգամ հանրակրթական դպրոցներում և առկա խնդիրները ևս մեծամասամբ կոծկվում են: Արթուր Սաքունցն ընդգծեց, որ հենց դպրոցներում առկա անպատժելիությունն էլ հաճախ դառնում է նման մտածելակերպի տարածման խնդիր:
Հիշեցնենք, որ Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանը այս հաստատություն վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով ազատվել էր աշխատանքից:
Աղբյուրը՝ www.tert.am