«Իվան Վոլինկինին հայտարարել persina non grata եւ նրան վտարել ՀՀ-ից». Ա. Սաքունց
15:49, May 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում գործող ՀԿ –ների ներկայացուցիչների արձագանքը չի ուշանում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի այն հայտարարությանն ի պատասխան, որով նա անհրաժեշտ է համարում բոլոր այն կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս- հայկական հարաբերություններում»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ նման հայտարարության իրավունք դեսպանն ուղղակի չուներ, նա մեր երկրի Սահմանադրությանն ու օրենքներին հակասող հայտարարություն է արել:
«Այսինքն նա թելադրում է ՀՀ իշխանություններին ինչ անել, եւ նրա հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է, նա խախտել է դիվանագիտության բոլոր կանոնները, այսինքն այն երկիրը, որտեղ նա գտնվում է, պետք է հարգի այդ երկրի ինքնիշխանությունը, Սահմանադրությունը եւ օրենքները, այսինքն այդ հայտարարությամբ Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել, հետեւաբար եթե օրենքից դուրս է դրել, պետք է պերսոնա նոն գրատա հայտարարել նրան եւ հեռացվի ՀՀ տարածքից»,- նշեց Արթուր Սաքունցը:
Նա անդրադարձավ դեսպանի հայտարարության այն մասին, որով Իվան Վոլինկինը ՌԴ օրենքներում կատարված փոփոխությունն է օրինակ բերում, համաձայն որի 2012 թվականի հուլիսին Ռուսաստանի Պետդուման փոփոխություններ է կատարել «Ոչ առևտրային կազմակերությունների մասին» օրենքում, ըստ որոնց՝ «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն ՀԿ-ները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և «դրամական կամ այլ միջոցներ են ստանում օտարերկրյա պետություններից, միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից», ու նշեց.
«Ռուսաստանում գործող ռեժիմը, պուտինյան ռեժիմը՝ ակնհայտորեն որպես ֆաշիստական իր էությամբ, սահմանափակումներ է դրել քաղաքացիական ինստիտուտների գործունեության նկատմամբ՝ խախտելով ՌԴ օրենսդրությունն ու Սահմանադրությունը, եւ Ռուսաստանի հակաօրինական, հակաիրավական իշխանությունը փորձում է իր գործունեությունը տարածել նաեւ Հայաստանում, դա կայսերապաշտական քաղաքականության դրսեւորումներից մեկն է, քանի որ Հայաստանում մնացել է միայն քաղաքացիական ինստիտուտը, որը ճշգրիտ ասում է այն, ինչ կա, քանի որ իշխանությունը, այդ թվում եւ ընդդիմադիր ուժերը, բացառությամբ մի քանի փոքր ուժերի, հասել են արդեն գաղութային, ֆաշիստական ռեժիմին, լռելիությամբ, զսպվածությամբ եւ ձայն չհանելով, հիմա փորձ է արվում այդ վերջին ռեսուրսը, որը դեմ է դուրս եկել ռուսական ֆաշիզմին, չեզոքացնեն»,- գտնում է Արթուր Սաքունցը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն այն համոզմանն է, որ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները Իվան Վոլինկինի այս հայտարարությանն արժանի պատասխան են տալու եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու առաջիկայում. «Շատ կոշտ եւ միանշանակ պահանջ է լինելու, որ Վոլինկինը հեռանա ՀՀ տարածքից, ինքը էստեղ տեղ չունի, Հայաստանը դա Ռուսաստան չէ, ինքը պետք է հասկանա, ու դա համար կոշտ քայլերի ու դիմադրության կարժանանա: Իսկ նրանք, ովքեր Վոլինկինի հակասահմանադրական հայտարարությունը կհանդուրժեն, իրենք հանդիսանում են Հայաստանում սահմանադրական կարգի դեմ գործողություններին աջակցողներ՝ անկախ պաշտոնական դիրքից ու կարգավիճակից»,-եզրափակեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ galatv.am
Այս մասին նաև` news.am