Արթուր Սաքունց. Դա բնորոշ է վաղ միջնադարի ինկվիզիցիային
00:00, February 3, 2011 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՀՀ քաղաքացիների համար այլևս նորություն չեն Երևանի տարբեր փողոցներում պատերին ու հենասյուներին «Մեկ ազգ» կոչվող կուսակցության փակցրած թռուցիկները`«Ո՛չ ՀՀՇ-ական մամուլին», «Ո՛չ աղանդներին», «Ո՛չ լևոնական աղանդին» և նմանաբովանդակ այլ հայտարարություններով:
Իրեն գոնե Սահմանադրությամբ ժողովրդավարական հռչակած և Եվրոպայի խորհրդին տասը տարվա անդամակցության փորձ ունեցող երկրում որքանո՞վ է նորմալ այս երևույթը, և ինչու՞ է այն անտարբերության մատնվում ՀՀ իշխանությունների կողմից:
Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմության` հանրահավաքների մասին իրազեկող թռուցիկներ բաժանող երիտասարդներին ոստիկանության բաժիններ քարշ տալը, կալանավորելն ու նրանց շինծու քրեական հոդվածներով դատելը սովորական երևույթ են դարձել մեր առօրյայում:
Իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ հիշեց, որ 2006 թ., երբ ինքը պաշտպանում էր Եհովայի վկաների իրավունքները, «Մեկ ազգ» կոչվող կուսակցության ներկայացուցիչներն իրեն էլեկտրոնային հասցեով նամակ էին ուղարկել` «Մա՛հ Արթուր Սաքունցին» վերտառությամբ:
Նրա կարծիքով, այդօրինակ թռուցիկներ տարածելու նպատակն է ճնշել և անհանդուրժող վերաբերմունք ձևավորել կրոնական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև այն լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ, ովքեր պաշտպանում են խղճի ազատությունը և պայքարում խտրականության դրսևորումների դեմ:
Արթուր Սաքունցը նշեց, որ այդ քայլերը նպատակ ունեն նաև ապահովելու Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլ դիրքը հայ իրականության մեջ:
Իրավապաշտպանը այդ թռուցիկները տարածելը բնութագրեց որպես կրոնական ծայրահեղություն: Նա կարծում է, որ այդ թռուցիկներ տարածողները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության:
Ըստ իրավապաշտպանի՝ հակառակ Սահմանադրության կրոնական, քաղաքական անհանդուրժողականություն քարոզող այդ թռուցիկների տարածումը ցույց է տալիս, որ մեր երկրում առկա է խոր ճգնաժամ:
«Կրոնական մոնոպոլիզմը դրսևորվում է նաև քաղաքականության մեջ: Ինչպես միջնադարում կաթոլիկ եկեղեցին էր ձգտում իր մենիշխանությունը հաստատել քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտներում, այնպես էլ այսօր այդպես է վարվում Հայ առաքելական եկեղեցին: Դա վաղ միջնադարի ինկվիզիացիային բնորոշ գործելակերպ է »,- ասում է մեր զրուցակիցը:
Նրան մտահոգում է, որ այդ երևույթները համարժեք վերաբերմունքի չեն արժանանում ՀՀ իշխանությունների կողմից:
Արթուր Սաքունցին մտահոգում է, որ անցյալ տարի Վանաձորում ապրիլի 24-ին մարդիկ ջահերով երթ էին անում «Մա՛հ թուրքերին» վանկարկելով, և այդ երթն անողներին ուղեկցում էին պետավտոտեսչության մեքենաները: