«Մաքսային միությանն անդամագրվելու որոշման դեմ ներկայացված հայցադիմումի հիմնավորումները»
November 28, 2013Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում, որով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված գործողությունը:
Սաքունցը պնդում է, որ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությամբ և դրան հաջորդած մյուս գործողություններով խախտվել են իրավական և ժողովրդավարական պետության մի շարք սկզբունքներ՝ բարեխիղճ կառավարում, թափանցիկություն, հրապարակայնություն:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքականությունը 4 տարի շարունակ ուղղված էր Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ, ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը, սակայն մեկ օրում կայացվեց ՄՄ-ին միանալու կամայական որոշում:
«Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը՝ որպես գործողություն, ոչ իրավաչափ է: Հիմնավորումներն առավել քան բավարար են, և մենք ՀՀ դատական իշխանությունից ակնկալում ենք համապատասխան որոշում»,- ասաց Սաքունցը:
Սաքունցը վստահ է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս գործով պատշաճ հայցվոր է, քանի որ Սահմանադրական դատարանը 2010թ. ճանաչել է ՀԿ-ների իրավասությունը դիմելու դատարան՝ այլոց իրավունքները պաշտպանելու համար:
«Մենք այս պահին պատասխանատվության հարցը չենք դնում: Այս պահին կարևոր է, որ Սերժ Սարգսյանի գործողությունը ճանաչվի ոչ իրավաչափ և կասեցվի: Հետո արդեն կանդրադառնանք վնասներին: Պատասխանատվության ենթարկելու համար պետք է գնահատել, թե ինչ վնասներ են հասցվել»,- ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Վարչական դատարանը 7-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի հայցադիմումը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին:
Սաքունցի խոսքով՝ իրենք չեն ելնում խելագարության կանխավարկածից, որ դատարանները բոլոր դեպքերում պետք է լինեն ոչ ադեկվատ: Իսկ եթե դատարանը հայցադիմումը վարույթ չընդունի, ըստ Սաքունցի, կունենանք շատ հետաքրքիր նախադեպ:
Նոյեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց մամուլի ասուլիս՝ «Մաքսային միությանն անդամագրվելու որոշման դեմ ներկայացված հայցադիմումի հիմնավորումները» թեմայով: Ասուլիսի բանախոսն էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այս ասուլիսը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» շարքից է, որը հոկտեմբերի և նոյեմբերի ընթացքում կընդգրկի բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում ձևավորել Մաքսային միությանը միանալու հետևանքների մասին: