Սերժ Սարգսյանը անփոխարինելի է թիմակիցների հանցագործությունները կոծկելով․ Ա․ Սաքունց
April 9, 2018ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր Ազատության հրապարակում «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած «Ազատիչից ազատվելու տոնախմբությանը» հանրահավաքի ժամանակ անդրադարձավ իշխանության կողմից հանրային ընդվզումը ջլատելու փորձերին. «Առաջին թեզ՝ պայքարը չպետք է լինի Սերժ Սարգսյանի դեմ, պայքարը պետք է լինի համակարգի դեմ: Սրան որպես հակափաստարկ ես կարող եմ բերել հետևյալը՝ Հայաստանում իշխանությունը անձակենտրոն է: Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում համարկարգը, որը կառուցված է իր վրա, կփլուզվի շատ պարզ»,-հայտարարեց Սաքունցը՝ նշելով, քանի որ Սերժ Սարգսյանը կադրեր չունի և ժամանակ է խնդրում կադրեր պատրաստելու համար, ուստի նրա վարչապետության դեմ պայքարը հիշեցնելու է խորտակվող նավ, որից առաջինը փախչում են առնետները: Անդրադառնալով Սերժ Սարգսյանին անփոխարինելի որակող կոչերին՝ Սաքունցը հարցադրում հնչեցրեց. «Ինչո՞վ է անփոխարինելի` 7 մլրդ դոլարի պարտքով, անփոխարինելի է պանամյան փաստաթղթերում հիշատակվող անձին՝ Միհրան Պողոսյանին, նորից պատգամավոր հռչակելո՞վ, թե՞ անփոխարինելի է Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն հանցագործությունը կոծկելով»,-նշեց նա և հավելեց, որ Սերժ Սարգսյանը միայն կարող է ամբողջ ժողովրդին կամուֆլյաժ հագցնել և ստիպել աղոթել, և նա անփոխարինելի է իր իշխանության շարունակության համար արված սահմանադրական փոփոխություններով: