Փուչիկը տրաքեց ԵԿՄ համագումարին. բացահայտվեց Սերժ Սարգսյանի հերթական սուտը
February 22, 2017Սերժ Սարգսյանը օրերս հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
Անդրադառնալով 2015թ-ին ձեռնարկված սահմանադրական փոփոխություններին, նա նշել է. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է… Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին»:
«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կարող ենք Ս. Սարգսյանի այս հայտարարությունը դիտարկել որպես ինքնախոստովանություն՝ այն առումով, որ 2005-ից հետո երբ փոխվեց Սահմանադրությունը և անցում կատարվեց կիսանախագահական համակարգի, փաստորեն նախագահի և վարչապետի միջև եղել է Ս. Սարգսյանի խոսքով՝ անառողջ մրցակցություն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Կարող ենք իհարկե դա գնահատել որպես խոստովանություն տիրող իրավիճակի մասին, բայց ինձ այլևս Ս. Սարգսյանի նման ինքնախոստովանական ցուցմունքները չեն հետաքրքրում, ինձ ավելի շատ զարմացնում է այդ մարդու ինքնաբացահայտումը այլ բնագավառներում: Նա զրո պատկերացում ունի, թե ինչ է ժողովրդավարությունը, բացարձակապես անհասու է հասկանալու, թե ինչ է մրցակցությունը, որովհետև շատ բնական է, որ նախագահական կառավարման համակարգի դեպքում լինեն որոշակի մրցակցություններ, անհամաձայնություններ նախագահի և ԱԺ-ի կողմից ձևավորվող մարմնի՝ կառավարության կողմից»:
Ա. Սաքունցի խոսքով՝ Սերժ Սարգսյանը վախենում է մրցակցությունից. «Իր էությամբ, ի դեպ չունենալով համապատասխան կամային և ինտելեկտուալ կարողություններ, փորձում է միահեծան բռնապետի դիրքերից հանդես գալ և կառավարման սահմանադրական կարգը փոխում է զուտ նեղ անձնական խնդիրներ լուծելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: