Ռուսական ագենտուրան Հայաստանում պետք է բացահայտվի․ մեզ մի 2-3 ԱԱԾ է պետք
July 24, 2018«Սա սովորական իշխանափոխություն չէր. մեկ տարի հետո քաղաքացիների կողմից սրբագրվեց ԱԺ ընտրությունների արդյունքները, և այն փաստարկը, որ ՀՀԿ-ն ասում էր՝ մենք ունենք այսքան տոկոս, դարձավ բովանդակազուրկ հենց քաղաքացիների խաղաղ ընդվզման, ոչ բռնի, խաղաղ քաղաքացիական անհնազանդության արդյունքում, այսինքն՝ իշխանությունը ձևավորվեց ի հեճուկս ֆորմալ կանոնների. ֆորմալ կանոնների կրողները ստիպված էին հաշվի նստել հանրության կարծիքի հետ»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Մենք գտնվում ենք մի նոր իրավիճակում. նոր իշխանությունը ձևավորվել է նախորդ իշխանության թվային գերակշռության պայմաններում. նախորդ իշխանությունները բարոյական որևէ հիմք չունեն, որ ինքնուրույն հանդես գան, պահանջներ ներկայացնեն, իրենք պարտվել են, նրանք բարոյապես, գաղափարապես սնանկացել են և հանդես են գալիս զուտ որպես մանդատների մեխանիկական կրողներ և ստիպված են հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ:
Անպատժելիության մթնոլորտը հաղթահարված է ամենաբարձր մակարդակով: Կատարվում են քայլեր, որ նախկին անպատժելիության համակարգի սյուները հանդիսացող անձերը օրենքի առջև պատասխանատվություն կրեն:
Երեք ամսվա ընթացքում մթնոլորտի փոփոխմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ են կատարվել»,- նշեց մեր զրուցակիցը:
Ա. Սաքունցի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը հենց հանգեցնելու է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության ապահովմանը, որովհետև կոռուպցիան ունի ոչ միայն ազգային, այլ նաև վերազգային դրսևորումներ:
«Ռուսական ագենտուրան Հայաստանում պետք է բացահայտվի. մեզ մի քանի 2-3 ԱԱԾ է պետք»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Մանրամասն՝ տեսանյութում: