Սերժ Սարգսյանը ձախողել է. նրա հռչակած ապահով Հայաստանն ամենանապահովն է ռեգիոնում
December 29, 2016ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ամփոփելով 2016թ.-ը արձանագրեց, որ մարդու իրավունքների ոլորտում հետընթաց է գրանցվել: «Հայաստանի Հանրապետությունը, երբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, վերջին երեք տարիներին դուրս մղվեց հնարավոր բարեփոխումների դաշտից, որն ուղղված էր առնվազն զսպելու խնդիրների ծավալումը, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների խախտմանը:
Եվ գործընթացներն ընթացան այլ տրամաբանությամբ, որը կոչվում է մարդու իրավունքների մարտահրավերների ավելացում: 2016-ն այդ առումով հանդիսացավ մարդու իրավունքների մարտահրավերների, խոչընդոտների ամբողջացման տարի և այդ ամենը բխում է 2015-ի դեկտեմբերին պարտադրված սահմանադրական փոփոխություններից»,- նշեց Ա. Սաքունցը՝ հավելելով, որ վատթարացումն օրինաչափորեն շարունակվում է, և այդ օրինաչափության առանցքը ԵՏՄ քաղաքակրթական տիրույթում գտնվելն է:
Իրավապաշտպանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ձախողել է բոլոր խնդիրների լուծումը: Իր իսկ կողմից հռչակած ապահով Հայաստանն ամենաանապահով երկրներից է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Արևելյան գործընկերության երկրների համեմատությամբ: