Հանրահավաք` առանց միկրոֆոնների
00:00, October 23, 2010 | Նորություններ | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԿոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում այսօր փոքրիկ հանրահավաք էր, սակայն ոչ թե քաղաքական, այլ բնապահպանական թեմայով, թեեւ կազմակերպիչները նմանություն տեսնում են երկուսի մեջ էլ:
«Սա նաեւ քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես ասենք` ընդդիմության հանրահավաքները, որոնք եւս Երեւանի քաղաքապետարանի կողմից կամ մերժվում են, կամ տեղափոխվում մեկ այլ վայր»,- իրենց խոսքում նշեցին նրանք:
Ոստիկանության աշխատակիցները, մասնավորապես ոստիկանության գնդապետ Զարզանդ Եղիազարյանը եւ Երեւան քաղաքի ոստիկանության վարչության փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը մինչ փոքրիկ հանրահավաքի մեկնարկը մոտեցել էին կազմակերպիչներին ու փորձել պարզաբանումներ ստանալ`ինչու է հանրահավաքն այնտեղ անցկացվում: Թեղուտի անտառների պաշտպանության խմբին Երեւանի քաղաքապետարանն առաջարկել էր այսօրվա միջոցառումն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում:
Հանրահավաքը տեղի ունեցավ, սակայն առանց միկրոֆոնների ու բարձրախոսների: Այգու հարակից սրճարանի տնօրինությունը խոստացել էր ապահովել էլեկտրաէներգիայով, սակայն առավոտյան պարզվել էր, որ ամբողջ օրը այգին հոսանքազրկված կլինի: Հանրահավաք-համերգը անցկացվեց առանց համապատասխան տեխնիկայի, որի պատճառով Լիլիթ Պիպոյանը, Վահան Արծրունին եւ էլ շատ հեղինակային ու ռոք երաժշտության երգիչներ հանդես չեկան: Իր` հիմնականում բնապահպանությանը նվիրված կատարումները ներկայացրեց միայն «Լավ էլի» ռոք խմբի երգիչ Մհերը: Ի դեպ, ամբողջ հանրահավաքի ընթացքում այս սրճարանում էին նստած քաղաքացիական հագուստով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանրահավաքին ելույթներով հանդես եկան իրավապաշտպան Արթուր Սաքունցը, բնապահպան Կարինե Դանիելյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը եւ այլոք: Նրանք դատապարտեցին բնության դեմ յուրաքանչյուր ոտնձգություն` նշելով, որ պետք է համախմբած պայքարել` պահպանելու ամեն մի ծառ:
Ինչպես իր խոսքում նշեց Արթուր Սաքունցը. «Ամենամեծ հանցագործությունն անտարբերությունն է: Զարմանալի է, որ մեր իշխանությունները վախենում են շատությունից` շատ մարդկանցից, շատ ծառերից: Այսինքն` ինչը շատ է, պետք է ոչնչացնել: Նրանք նույնիսկ վախենում են ձայնի շատությունից, դրա համար հոսանքն են կտրում: Սակայն բոլոր դեպքերում նրանք անուժ են, թույլիկ են եւ չեն կարող մեր ձայնը կասեցնել»:
Փոքրիկ հանրահավաքին եղավ նաեւ հումորային մի ելույթ, որի ժամանակ նշվեց, որ այս ամենից հետո քիչ է մնում «ծառերը ճանաչեն հակասահմանադրական» եւ բացի այդ. «Օրենքով էլ պետք է արգելել 20 ծառից ավելի մեկ տեղում հավաքվել, կամ նրանց հատկացնել ինչ-որ մի տեղ, իսկ ծառերի հավաքվելն էլ պետք է լինի միայն քաղաքապետարանի թույլտվությամբ»: