Հանրահավաքը կայացավ
00:00, July 18, 2008 | Հավաքների և միավորումների ազատություն2008թ. հուլիսի 18-ին Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատին հարակից տարածքում կայացավ «Իրազեկում ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի ընթացքի վերաբերյալ» թեմայով հանրահավաքը:
Հանրահավաքի կազմակերպիչը հանդիսանում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Վերջինս 2008թ. մարտի դեպքերից հետո հանրահավաք իրականացնելու համար արդեն 3 անգամ իրազեկել էր Վանաձորի քաղաքապետարանին:
Այս վերջին չորրորդ անգամը միայն քաղաքապետարանն իրազեկումն ընդունել էր ի գիտություն, հանրահավաքի համար հատկացրել քաղաքի ոչ կենտրոնական հատվածը՝ «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը:
Չնայած այս հանգամանքին, հանրահավաքին մասնակցում էր մոտ 1000 մարդ ոչ միայն Վանաձորից, այլ ամբողջ Լոռու մարզից, Գյումրիից և Երևանից:
Հանրահավաքի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Ազատություն»՝ վեր բարձրացնելով նույն բովանդակությամբ պաստառները:
Հանրահավաքի կազմակերպիչների հրավերով հանրահավաքին մասնակցում էին նաև «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավորական խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Վահագն Խաչատրյանը, Համազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Այս բանաձևերը ոչ թե Եվրոպայի խորհրդի, այլ մեր բանաձևերն են, քանի դեռ մենք չենք կարող ապահովել դրանց կատարումը, ժողովրդավար չենք համարվի»,-նշեց հանրահավաքի կազմակերպիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Բանաձևերի պահանջները, սակայն, ըստ Արթուր Սաքունցի, չեն կատարվում, քանի դեռ անազատության մեջ են գտնվում մարտի 1-ի հետևանքով ձերբակալվածները: «Եթե թեկուզ մեկ քաղաքացի գտնվում է անազատության մեջ, մենք բոլորս անազատ ենք» հայտարարեց Արթուր Սաքունցը:
Այս իրավիճակի համար ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀՇ անդամ Արամ Նազարյանը մեղադրում է մեր ժողովրդին: «Մենք իրավունք չունենք ինչ-որ մեկից պահանջել մեր փոխարեն ինչ-որ գործողություններ իրականացնել ո°չ Եվրոպայի խորհրդից, ո°չ հանձնաժողովից»,-իր ելույթում նշեց նա:
«Ցեխոտ կոշիկներով տան վերին մաս գնալ չի կարելի: Կա°մ կոշիկներդ պիտի հանես, կա°մ ցեխը լվանաս»,-պատկերավոր ձևով հանրահավաքի մասնակիցներին Եվրոպայի խորհրդի և Հայաստանի հարաբերությունների մասին բացատրեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նրա կարծիքով, եթե Հայաստանն ուզում է մնալ Եվրոպայի խորհրդի կազմում, պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկի:
Այս կարծիքին էր նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ այս բանաձևերը մեզ փորձում են հնարավորություն տալ, որ մեր երկիրն ավելի ժողովրդավար դառնա:
Հանրահավաքի մասնակիցներն իրենց համերաշխությունը հայտնեցին նաև Երևանի Հյուսիսային պողոտայում քաղբանտարկյալների ազատության համար նստացույցի ելածներին: