Քաղաքացիները ոստիկանության դիմաց
00:00, April 10, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունք, Կյանքի իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՈստիկանությունԱպրիլի 9-ին, երբ Երեւանի փոքր կենտրոնը քաղաքացիների համար փակել էին նախագահի երդման արարողության պատճառով, բավական մարդաշատ էր Մյասնիկյանի հրապարակը, որտեղ հավաքվել էին քաղաքացիները, ի հիշատակ մարտի 1-ի իրադարձությունների զոհերի, որոնց մահվան քառասուներորդ օրը լրանում է հենց ապրիլի 9-ին, նախագահի երդման արարողությանը:
Ոստիկանությունը, ինչպես միշտ, բարեխղճորեն շղթայել էր Մյասնիկյանի արձանը, այն առնելով իրենց վահանների ու մահակների մեջ: Սակայն քաղաքացիներն այդուամենայնիվ առանձին փոքր խմբերով ճեղքում էին այդ շղթան, մոտենում էին ժապավենապատ հարթակին, որը ժապավենապատել էին հարթակի սալիկները փոխելու աշխատանքի համար, եւ ծաղիկներ էին դնում, մոմեր վառում ու խունկ ծխում մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակի համար:
Ժողովրդական այդ ինքնաբուխ ակցիան աստիճանաբար դառնում էր մարդաշատ: Մարդիկ հավաքվել էին վահանավոր ու մահակավոր ոստիկանների դեմ հանդիման եւ վանկարկում էին «ազատություն», «պայքար, պայքար մինչեւ վերջ», «ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն նախագահ» կարգախոսները:
Այդ ընթացքում, մարտի 1-ին զոհված 23 ամյա Տիգրան Խաչատրյանի լուսանկարը վեր պարզած Մյասնիկյանի արձանին մոտեցավ Տիգրանի մայրը, անցավ ոստիկանների շարքը եւ մոտենալով հարթակին` կռացավ որդու նկարի վրա ու սկսեց արտասվել:
Քաղաքացիների թիվն ավելանալու հետ մեկտեղ ավելանում էր նաեւ ոստիկանների քանակը: Գեներալական համազգեստը հագին Մյասնիկյանի արձանին մոտեցավ Երեւանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը: Ժողովուրդը նրան դիմավորեց սուլոցներով եւ «ամոթ» բացականչություններով: Չնայած դրան, ոստիկաններին Ներսես Նազարյանը կարգադրեց մայթեզրերը փակել, որպեսզի երթեւեկությունը չխոչընդոտվի, իսկ հետո մոտեցավ ակցիայի մասնակից Դավիթ Շահնազարյանին եւ պահանջեց, որ դադարեցնեն ակցիան, քանի որ այն արդեն կրում է անօրինական բնույթ եւ խանգարում է հասարակական կարգին: Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ ինքը կազմակերպիչ չէ, ակցիան ինքնաբուխ է, եւ բացի այդ, անօրինական են ոստիկանության ու իշխանության գործողությունները: Ներսես Նազարյանը հեռացավ, այդ ընթացքում ոստիկանության նորանոր խմբեր էին գալիս հրապարակ, եւ բացի այդ, ոստիկանները փակել էին Մյասնիկյանի հրապարակ տանող փողոցները եւ հետիոտնին թույլ չէին տալիս անցնել դեպի հրապարակ:
Մոտ մեկուկես ժամ տեւած ակցիայի մասնակիցները սակայն դրանից հետո կամաց-կամաց սկսեցին հեռանալ, թեեւ ոստիկանները կրկին ուժ կիրառեցին ակցիայի առանձին մասնակիցների հանդեպ, արդեն այն ժամանակ, երբ մարդիկ սկսել էին հեռանալ: Նրանք պայմանավորվեցին, որ հավաքվելու են երեկոյան Հանրապետության հրապարակում, ուր այդ ժամին տեղի է ունենալու «Գունազարդ երկինք» փառատոնը, որի ընթացքում օդապարիկներ են բաց թողնելու:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/src/index.php#top