«Պատախսան են տալու ինձ քաշքշելու համար»
00:00, April 3, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՈստիկանությունՄոտ մեկ ամիս առաջ` մարտի 2-ին, ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերման էր ենթարկվել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի այն օպերլիազորները, ովքեր բերման էին ենթարկել Բարսեղյանին, իրենց զեկուցագրերում գրել են, թե վերջինս Թատերական հրապարակ գալով` սկսել է կոչեր անել հավաքված քաղաքացիներին հավաքվել հարթակի մոտ հանրահավաք սկսելու համար: Մարտի 3-ին հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատարանից խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել Լեւոն Բարսեղյանին ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար: Լեւոն Բարսեղյանն իր հերթին հակընդդեմ հայցով է դիմել վարչական դատարան: Նախնական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրի շենքում:
Ըստ Լեւոն Բարսեղյանի` ինքը մարտի 2-ին՝ ժամը 12-ին, այցելել է Գյումրու Թատերական հրապարակ զբոսնելու եւ մարդկանց հետ զրուցելու, բարեւել է մայթին հավաքված ոստիկաններին եւ փորձել է անցնել դեպի հրապարակ, որտեղ այդ պահին մարդ չի եղել: Լեւոն Բարսեղյանն ասում է, թե այդ ժամանակ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի տեղակալ Վազգեն Հարությունյանն հարձակվել է իր վրա՝ հրամայելով հեռանալ այդտեղից առանց բացատրություններ տալու:
Ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի տեղակալը, Լեւոն Բարսեղյանի խոսքերով, միաժամանակ գորգոռացել է, թե իրեն բերման է ենթարկելու: Եւ երկու ոստիկաններ վերջինիս բերման ենթարկել են եւ տեղափոխել քաղաքային ոստիկանություն: Բարսեղյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել, կամավոր է նստել ու իջել մեքենայից:
«Բերման ենթարկելու մասին արձանագրությունում ստեր են գրված, գրել են, թե կոչ եմ արել հրապարակ դուրս գալ եւ այլն»,-ասում է Լեւոն Բարսեղյանը:
Մարտի 3-ին հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատարանից խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել Լեւոն Բարսեղյանին ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար: Այս դեպքում խոսքը 50 հազար դրամ տուգանքի մասին է:
«Իմ դեպ, որ նման նկարչություն են արել, բա էն մարդկանց նկատմամբ, ովքեր, որ փաստաբան ընկերներ չունեն, Ժուռնալիստների ակումբի նախագահ չեն, «Հազարամյակի մարտահրավերներ» շահառուների խորհրդի անդամ չեն, ի՞նչ են անում»,- ասում է Լեւոն Բարսեղյանը,-այս գործը հրապարակելու եմ այնքան, ինչքան օրենսդրությունն է թույլ տալիս, ինչքան իմ խելքն է բավարարում, պատասխան են տալու ինձ քաշքշելու համար»:
«Ցայգ» ՀԸ, Գյումրի
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=59139