Ձերբակալվածների հայտարարությունը
00:00, April 2, 2008 | Հայտարարություններ | Ընտրական իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՔաղբանտարկյալներԱնազատության մեջ գտնվող մի խումբ քաղաքական գործիչներ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
2008 թ.-ի ապրիլի 2-ին կբոլորի Երեւանում այրունալի ջարդի մեկ ամիսը: Մեր նկատմամբ պետական մեքենայի եւ քրեական տարրերի ոտնձգությունները սկսվեցին դեռեւս նախընտրական շրջանում, որն իր զարգացումը ստացավ սույն թվականի փետրվարի 19-ին: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները եւ վստահված անձինք հանրապետության ողջ տարածքում ենթարկվեցին տարբեր տեսակի եւ բնույթի ահաբեկչությունների: Չնայած այս ամենին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ: Ռեժիմն ամեն գնով պետք է վերարտադրվեր, եւ հերթական անգամ Հայաստանում ընտրությունները կեղծվեցին, որի արդյունքում համաժողովրդական ընդվզման ալիք բարձրացավ: Մեզ` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներիս, հարյուր հազարավոր քաղաքացիներ միացան, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը վերածվեց հիրավի համաժողովրդական շարժման: Վարչակազմի ոտքերի տակ հողը սկսեց շարժվել: Նրանք խնդիր ունեին ամեն գնով կասեցնել համաժողովրդական շարժումը եւ այդ իրագործեցին մարտի մեկին Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների կարծեցյալ խուզարկությամբ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ ծանր մարմնական վնասվածքներ ստացան:
Ժողովուրդը չընկրկեց:
Մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին ֆրանսիական դեսպանատան մոտ, որը վերածվեց միտինգի: Մարտի մեկին 15:00-ի սահմաններում Մյասնիկյանի հուշարձանին հարող հրապարակում եւ հարակից փողոցներում շուրջ 60.000 մարդ էր հավաքվել, որոնք վանկարկում էին` Լեւոն, Լեւոն: Իշխանություններն ամեն ինչ արել էին, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի հետ չհանդիպի՝ ամենայն հավանականությամբ արդեն ծրագրում խնդիր ունենալով լուծման ուժային հանգուցալուծումը: Արդյունքում խոշտանգվեցին եւ զոհվեցին մեր համաքաղաքացիները: Երեւանում անմեղ մարդկանց արյուն թափվեց: Մարտի 3-ին սկսվեց մասսայական ձերբակալությունների շարանը: Իշխանությունները մեկ հիմնական միտք էին հետապնդում. իրենց իսկ կողմից թափված արյունն ամեն գնով վերագրել մեզ: Արդյունքում, ըստ իշխանական վիճակագրության, 8 մարդ սպանվել է, հարյուրավոր մարդիկ մարմնական վնասվածք են ստացել: Ղարաբաղյան կլանի հեռուստաընկերությունները այդպես էլ չկարողացան գեթ մեկ կադր ցուցադրել, որտեղ խաղաղ բնակչության ձեռքին զենք երեւար: Խոշոր պլանով չեն ցուցադրվում այն մարդիկ, ովքեր նախահարձակ եղան մեքենաների եւ խանութների վրա: Բնականաբար կլանը պետք է ոճրագործության ողջ մեղքը բարդեր մեզ վրա, ինչը եւ մինչեւ օրս կատարվում է: Չունենալով ապացույցներ` նրանք ծիծաղելի հայտարարություններ են անում Հ1-ի եթերից, իբրեւ միտինգի ընթացքում արտաբերվել են հոգեմետ ազդեցություն գործող նախադասություններ եւ բառեր: Նման հիմարություն նունիսկ Հիտլերի մտքով չէր անցել:
Մենք հրաժարվել ենք նախաքննության հետ համագործակցելուց` համարելով, որ մեղսագրված ՀՀ Քր. օր. 300 եւ 225 հոդվածները թելադրված են Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի կողմից, ինչը և պետական մեքենան փորձում է կյանքի կոչել:
Համոզված ենք, որ արդարությունը կհաղթանակի, եւ ի վերջո կպարզվի ողջ ճշմարտությունը, իշխանությունը յուրացնողներն ու իրական մարդասպանները կկանգնեն դատարանի առջեւ: Հանրապետությունում վկաների որսն ու անմեղ մարդկանց խոշտանգումները շարունակական բնույթ ունեն: Եթե այդ գործողությունները շարունակվեն, եւ անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկ օրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ:
Հայրենակիցնե’ր, ՀՀ-ում թեւածում է ազատության հոգին: Կոչ ենք անում այն պահպանել եւ չընկճվել, շարունակել պայքարը հանուն ազատության:
Մյասնիկ Մալխասյան
Խաչիկ Սիմոնյան
Գագիկ Հովհաննիսյան
Կարապետ Ռուբինյան
Ալեքսանդր Արզումանյան
Հովիկ Հարությունյան
Հուսիկ Բաղդասարյան
Սամվել Աբովյան
Արթուր Շահնազարյան
Սուրեն Սուրենյան
Իսահակ Մալխասյան
Աշոտ Զաքարյան
Սմբատ Այվազյան
Շոթա Սաղաթելյան
Ալեքսան (Հենրիկ) Վարդանյան
Արարատ Զուրաբյան
Գուրգեն Եղիազարյան
Մասիս Այվազյան
Պետրոս Մաքեյան
Վահագն Հարեյան