Հողի վեճ. գյուղացիներն ավելի բարձր փոխհատուցում են պահանջում պղնձով հարուստ իրենց հողերի համար
00:00, December 7, 2007 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԼոռու մարզում «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ի պղնձի ծրագիրն առաջ է բերել տեղի բնակիչների դժգոհությունը, որոնց կարծիքով` հանքի շահագործումն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում:
Ընկերությունն արդեն գնել է հանքի տարածքում գտնվող Թեղուտ և Շնող գյուղերին պատկանող հողերի մեծ մասը` գյուղացիներին վճարելով 40 դրամ 1 քմ-ի համար:
Բնակիչների կարծիքով` այդ գումարը շատ ցածր է իրենց հողի իրական արժեքից: Նրանք նաև մտավախություն ունեն հողերը վաճառելուց հետո մնալու առանց հողագործությունից ու անասնապահությունից ստացվող ապրուստի հիմնական միջոցի:
Հայաստանի կառավարությունը ACP ընկերությանն է տրամադրել 1700 հա տարածք, որից մոտ 1600-ն անտառային ֆոնդի, իսկ մնացածը` համայնքային հողեր են: Առաջիկա 25 տարում ընկերությունը մտադիր է արդյունահանել շուրջ 450 մլն տոննա հանքաքար:
Շնողցի Ռուբիկ Պետրոսյանը մեկն է նրանցից, ովքեր արդեն ընկերությանն են վաճառել իրենց հողի մի մասը: Ասում է, որ հարկադրված էր վաճառել, քանի որ «հոր թաղման ծախսերը հոգալու այլ միջոց չուներ»: Վաճառել է 1 հեկտար խոտհարքն ու 6000 քմ վարելահողը` ընդամենը 300 հազար դրամով (984 դոլար): «Իրենք են գինը որոշում»,- նեղսրտում է Ռուբիկը:
Ընկերությունը նաև 500 դոլար է գնահատել անասնագոմը, թեև Ռուբիկը 1000 է ուզում` մեկ ուրիշ տեղ նորը կառուցելու համար: Անասնագոմի 1100 քմ տարածքն ու 4600 քմ այգին դեռևս նրա սեփականությունն են համարվում:
Պետրոսյանը յոթ հոգուց բաղկացած ընտանիքի միակ աշխատողն է, և նրա միակ ապրուստը գյուղատնտեսությունն է: Շնողցի ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը կաթի, պանրի ու կարագի վաճառքն է: Այգու և անասնագոմի դիմաց Պետրոսյանը ACP-ից 5000 դոլար է ուզում և ասում է, որ այլ գնով չի համաձայնի:
«Երկրաբաններն ասում են` զոռով կվերցնենք, ասում են` կփոշմանես»,- տարակուսում է Ռուբիկը` չհավատալով, որ կարող են իր սեփականությունն առանց իր համաձայնության վերցնել: Ռուբիկը մտադիր չէ զիջել:
Նման մտահոգություններ ունի նաև նրա հարևան Լևոն Ալիխանյանը: Իր 11 մարդուց բաղկացած ընտանիքը հետագայում սովի չմատնելու համար նրան այնքան գումար է հարկավոր, որ կարողանա նոր գործ սկսել: Նրա 7 հեկտար հողակտորը նույնպես գտնվում է ACP ընկերությանը հատկացված տարածքում: Հացահատիկ մշակելուց բացի, զբաղվում է մեղվաբուծությամբ ու անասնապահությամբ:
«Սովորաբար առուվաճառքի ժամանակ լսում են դիմացինի ցանկությունն ու մտածում` արժե՞ դրա հետ հարաբերություն ունենալ, թե՞ ոչ»: Այս դեպքում նրա ցանկությունը ոչ ոք չի հարցրել ու գնի շուրջ չի բանակցել: Փոխարենը ընկերությունն իր գինն է թելադրում` «քառակուսի մետրի գինը արհեստականորեն մոտ 40 դրամ սահմանելով»,- ասում է ագարակատեր Ալիխանյանը:
Հանքը շահագործելուց հետո, ըստ նրա, գյուղում հազիվ 100 ընտանիք մնա:
«Հիմնականում գյուղը կլքեն երեխա ունեցող ընտանիքները»,- ասում է նա` ավելացնելով, որ «առաջացող բնապահպանական խնդիրներից գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվելն այլևս անհնար կլինի»:
Առայժմ ACP-ն ոչ մի կերպ չի փարատել բնակիչների մտահոգությունները:
Ընկերության Թեղուտի երկրաբանահետախուզական խմբի գլխավոր երկրաբան Գագիկ Բաբայանը անօրինական է համարում գյուղացիների պահանջները` պնդելով, թե հողերը տեսակավորված են, և սահմանված է դրանց շուկայական արժեքը:
«Գյուղացիները չեն կարող իրենց ուզած գինն առաջարկել»,- ասում է ACP-ի երկրաբանը` վկայակոչելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասինե ՀՀ օրենքը: Ըստ նրա, ի վերջո, այլ ելք չունենալով` ընդդիմացողները մի օր վաճառելու են իրենց հողերը:
Բաբայանի տվյալներով` Շնող և Թեղուտ գյուղերի` իրենց հատկացված հողերը կազմում են 248,7 հա, որից ընկերությունը գնել է 167,2 հեկտարը: Դեռևս գնման ենթակա է 81,5 հա հող, որից 66,5-ը պատկանում է շնողցիներին, 15-ը` թեղուտցիներին:
Փաստաբան Կարեն Թումանյանը քաղաքացու սեփականությունը ստիպողաբար գնելը համարում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում:
«Դա չի կարող համարվել պետության գերակա շահ, որովհետև սեփականությունն այս դեպքում տրվում է ոչ թե պետությանը, այլ մեկ ուրիշ սեփականատիրոջ»,- ասում է փաստաբանն ու օգնություն առաջարկում թեղուտցիներին ու շնողցիներին` Եվրոպական դատարան հայց ներկայացնելու գործում:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
Նաիրա Բուլղադարյան
«ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից