Կայացվելու է նոր որոշում
00:00, March 30, 2007 | Տեղական ժողովրդավարություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՄարտի 28-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնող խմբի դիմումն ընդդեմ թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ նախաձեռնող խումբը գրանցելու որոշում ընդունելու պարտադրելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչել թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 21.03.2007թ. «Տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին» որոշումը և պարտադրել է կայացնել նոր որոշում տեղական հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ:
Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2007թ-ի մարտի 21-ի որոշմամբ մերժել էր նախաձեռնող խումբը գրանցելու խնդրանքը: Ընտրական հանձնաժողովը որոշումը կայացրել էր քվեարկությամբ, առանց նախաձեռնող խմբի անդամների մասնակցության: ՀՀ Ընտրական օրենսգրքի 401 հոդվածի երրորդ պարբերությունը, սակայն, սահմանում է, որ դումումատուն իրավունք ունի մասնակցել իր դիմումի քննարկմանը: Տվյալ դեպքում թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առանց նախաձեռնող խմբի մասնակցության դիմումը քննարկելիս թույլ է տվել ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտում:
Խախտումը վերացնելու նպատակով էլ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խումբըդիմեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Դատարանը պարտավորեցրեց թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին կայացնել նոր որոշում՝ նախաձեռնող խմբի մասնակցությամբ:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է կատարման Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայության միջոցով: