«Օլիգարխը օլիգարխի դեմ դուրս չի գալու»
July 14, 2012«Հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան Հարսնաքարի գործով և ստեղծել հանձնաժողով», այս պահանջով այսօր խորհրդարանի շենքի մոտ էին հավաքվել «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները, մտավորականներ, իրավապաշտպաններ, խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:
«Վահե Ավետյանի սպանության փաստը դա ծառի մի ճյուղն է, իսկ արմատացումը սկսվել է դեռ 2001թ, Պողոս Պողոսյանի սպանությունից հետո»,-ասաց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
ԱԺ պատգամավորը հույս ունի որ մինչև երեկո խորհրդարանի արտակոալիցիոն ուժերին կհաջողվի 44 ստորագրություն հավաքել և արտահերթ նստաշրջան հրավիրել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք պատգամավորների, որոնք երկրում չեն գտնվում, տիկին Փոստանջյանն առաջարկում է.
«Թող նամակով հանդես գան հարապարակավ, որ այս պահին չենք կարողանում մեր ստորագրությունը դնել, բայց դա շատ կարևոր հարց ենք համարում, այնուամենայնիվ երբ լինենք Հայաստանում նման նախաձեռնության դեպքում պատրաստ ենք միանալ»,-ասաց նա։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է,որ իշխող հանրապետական կուսակցությունը պարտավոր է բավարարել արտահերթ նստաշրջանի պահանջը, այլապես. «Ուրեմն ինքը հովանավորում է Ռուբեն Հայրապետյանի հանցագործությունը և հետագայում բոլոր հանցագործությունները, որոնք կարող են կատարվել օլիգարխների թիկնապահների կողմից ինքը հանդես է գալիս որպես նրանց հովանավորը»:
Արթուր Սաքունցը կարծում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորների բացակայության հարցը շատ արագ լուծվող հարց է. « Ծառուկյանը կարող էր ընդամենը կես ժամվա ընթացքում բոլորին հավաքել իր մոտ և բոլորը կարող էին ստորագրել: Դա նշանակում է, որ իրենք էլ վախենում են և օլիգարխը օլիգարխի դեմ դուրս չի գալու»:
Աղբյուրը՝ www.a1plus.am