ՀՀ վարչական դատարանում Խուդոյանների գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ
10:58, November 7, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Երեխաների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն2014 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, կայացավ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի հայցադիմումի շրջանակներում նշանակված նախնական դատական նիստը: Ներկայացված հայցով հայցվորները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության աշխատակիցների գործողությունները, որոնք կատարվել են դեռևս մեկ տարի առաջ՝ 2013 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին իրենց ՀՀ նախագահական նստավայրի դիմացից անհիմն հեռացնելու ընթացքում, որտեղ նրանք նստացույց էին կազմակերպել: Հայցվորները գտել են, որ ոստիկանության աշխատակիցների գործողությունների արդյունքում խախտվել են իրենց հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժվելու իրավունքները:
Սույն հայցի շրջանակներում հայցվորիների ներկայացուցչությունը դատարանում իրականացնում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախնական դատական նիստի ընթացքում նախ կատարվեց ոչ պատշաճ պատասխանողների փոխարինում, և գործով որպես պատասխանող ներգրավվեց ՀՀ ոստիկանությունը: Նախնական դատական նիստին որպես ոստիկանության ներկայացուցիչներ մասնակցում էին Միխայել Սյուքիասյանը, Մարթա Մելքոնյանը և Ռուզաննա Ոսկանյանը:
Հայցվորների ներկայացուցիչը ներկայացրեց հայցի հիմքերը և առարկան, հակիրճ ներկայացնելով այն փաստական և իրավական հիմքերը, որոնք դրված են հայցի հիմքում: Մասնավորապես, Տ. Սիրադեղյանը նշեց, որ հայցվորները նստացույցի վայրում՝ ՀՀ Նախագահական նստավայրի դիմաց գտնվող Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ գտնվել են նոյեմբերի 28-ից սկսած, դեկտեմբերի 1-ին, օրվա տարբեր ժամերին նրանց են մոտեցել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ Ա. Առաքելյանը, այդ բաժնի մի շարք աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Գ. Մկոյանը՝ պահանջելով լքել նստացույցի վայրը: Բոլոր դեպքերում, հայցվորներին ներկայացված պահանջը հիմնավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցով, որևէ այլ պատճառ հայցվորներին չի ներկայացվել: Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը հրաժարվել են լքել նստացույցի վայրը, որից հետո 2014 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ 06:15-ի սահմաններում, նրանց են մոտեցել մի խումբ ոստիկանության աշխատակիցներ, արթնացրել և, բռնություն գործադրելով, առանձին մեքենաներով հայցվորներին և նրանց երեք երեխաներին տեղափոխել են քաղաք Վաղարշապատ: Ոստիկանության աշխատակիցները նստացույցի վայրում են թողել հայցվորների մանկահասակ՝ 8 ամսական որդուն, այնուհետև, իմանալով այդ մասին, հետ են վերադարձել նստացույցի վայր, սակայն նրանց չի հաջողվել երեխային տանել, քանի որ դեպքի վայրում արդեն լրագրողներ են եղել: Հ. Մակարյանին Վաղարշապատ քաղաքի իրենց բնակարան տեղափոխելուց հետո, ոստիկանության երեք աշխատակից վերադարձել են մանկահասակ երեխային ևս քաղաք Վաղարշապատ տեղափոխելու համար: Այդ ընթացքը նկարահանվել է լրատվամիջոցների կողմից, և տեսագրությունը հայցադիմումին կից ներկայացվել էր դատարան: Հայցվորների ներկայացուցիչը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները Ա. Խուդոյանին տեղափոխել են ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ նրան պահել են շուրջ 1 ժամ, այնուհետև տեղափոխել իր բնակարան, որտեղ ընտանիքի անդամների հետ շուրջ մեկ օր պահել են հսկողության տակ՝ թույլ չտալով դուրս գալ բնակարանից և իրացնել ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքը:
Պատասխանողի ներկայացուցիչները դատարանին ներկայացրեցին որոշ ԶԼՄ նյութեր և տեսաձայնագրություն՝ նշելով, որ դրանք ապացուցում են, որ հայցվորների պահանջները չեն անտեսվել ՀՀ իշխանությունների կողմից, նրանց մոտեցել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ինչպես նաև նստացույցի ժամանակ Ա. Խուդոյանը դրսևորել է վտանգավոր վարքագիծ: Պատասխանողները նշեցին, որ 2013 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգեր են ստացվել այն մասին, որ հաջորդ օրը Վ. Պուտինի այցի հետ կապված պետք է անկարգություններ լինեն, իսկ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ պայթուցիկներով են անկարգություններ լինելու: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ոստիկանության աշխատակիցները տարհանել են հայցվորներին և նրանց երեխաներին՝ գործելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, որ Վ. Պուտինի այցի պատճառով ոստիկանության աշխատակիցները հայցվորներին պահանջել են հեռանալ նստացույցի վայրից, քանի որ ենթադրել են, որ Ա. Խուդոյանը կարող էր որոշակի գործողություններ ձեռնարկել դեկտեմբերի 2-ին՝ իր ձայնն ավելի լսելի դարձնելու համար: Այդ գործողությունները կանխելու նպատակով ոստիկանության աշխատակիցները նրանց հեռացրել են նախագահական նստավայրի դիմացից: Մ. Սյուքիասյանը խիստ վրդովված նշեց, որ երեխային նստացույցի վայրում մոռանալու պատասխանատվությունը կրում են ծնողները և նշեց, թե ինչպես կարող է մայրը երեխային թողնել նստացույցի վայրում՝ հետագայում լրատվական միջոցների ուշադրությունը գրավելու համար:
Հայցվորների ներկայացուցիչը որոշ հակափաստարկներ բերեց պատասխանողների ներկայացրած տվյալների վերաբերյալ, նշեց, որ պատասխանողի կողմից հայցադիմումին գրավոր պատասխան ներկայացնելուց հետո դրանում ներկայացված փաստարկների վերաբերյալ կներկարայացվի գրավոր առարկություն: Սակայն մեկ անգամ ևս պնդեց, որ հայցվորներին հեռացրել են բռնի ուժով առանձին մեքենաներով, որպիսի պայմաններում նրանք չէին կարող նկատել մանկահասակ երեխային նստացույցի վայրում թողնելու փաստը: Բացի այդ, Տ. Սիրադեղյանը նշեց, որ օրինական հիմքերով գործելու դեպքում ոստիկանության աշխատակիցներն այնուամենայնիվ պարտավոր էին գործել այդ նույն օրենքի պահանջների պահպանմամբ: Հ. Մակարյանն էլ ոստիկանության ներկայացուցիչների փաստարկները ծնողների կողմից երեխային թողնելու վերաբերյալ լկտիություն որակեց:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը միջնորդություններ ունեին դատարան ներկայացնելու, սույն գործով նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2014 թ. նոյեմբերի 28-ին, ժամը 15:30-ին: