«Հարցեր քաղաքական ուժերին 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ». քննարկում Վանաձորում
12:10, February 23, 2017 | Հայտարարություններ«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է մասնակցելու «ՀԱՐՑԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ 2017Թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ» խորագրով հանրային քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 23-ին՝ ժամը՝ 16:00-ին, Կիրովական հյուրանոցում (ք.Վանաձոր, Մաշտոցի փողոց):
Ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ մշակել են հարցաշար, սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական արդիական հիմնախնդիրների վերաբերյալ, քաղաքական կուսակցությունների և դաշինքների դիրքորոշումը հանրությանը ներկայացնելու նպատակով: Հարցաշարը ներկայացվում է խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին և դաշինքներին, ինչպես նաև մամուլին և հանրության լայն շրջանակներին: Հարցերին տրված պատասխանները ընդունվելու են որպես քաղաքական կուսակցության/դաշինքի պաշտոնական դիրքորոշում եւ ներկայացվելու են հանրությանը:
Այս միջոցառումների շարքը նպատակ ունի քննարկում ծավալել քաղաքացիական հասարակության կառույցների և խորհրդարանական ընտրության գնացող կուսակցությունների/դաշինքների միջև՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի, արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, սոցիալական և այլ հիմնախնդիրների վերաբերյալ և հանրությանը ներկայացնել քաղաքական կուսակցությունների ու դաշինքների դիրքորոշումները վերոհիշյալ հարցերի շուրջ:
Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ կազմակերպությունները հյուրընկալվում են իրենց մարզային անդամ գործընկերներ կազմակերպության կողմից, որպեսզի քննարկեն համապետական և տեղական նշանակություն ունեցող այս կարևորագույն հարցերը:
Քննարկումներին հրավիրված են խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններն ու դաշինքները, պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նախնական օրակարգը՝ այստեղ