2013 թ.-ին Արաբկիր ԲԿ-ում մահացած Լիա Միսակյանի իրավահաջորդը բժիշկներից նյութական և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում
11:39, June 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2017 թ. հունիսի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:
Դրանով Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը պահանջում են «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:
Քանի որ պատասխանողների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը հայցվոր կողմը դեռևս չէր ստացել, Գ. Միսակյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը խնդրեց տրամադրել հայցադիմումի պատասխանի պատճենը և ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար:
Դատարանն այդ հիմքով հետաձգեց դատական նիստը և նշանակեց 2017 թ. հուլիսի 28-ին՝ ժամը՝ 11:30-ին:
Հիշեցնենք՝ «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թ. դեկտեմբերի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Եվ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներմամբ ազատվել են պատժի կրումից:
2016 թ. հունիսի 24-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը և լրացուցիչ պատիժ նշանակելու մասով գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նաև գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: