Դատարանը մերժեց ցուցարարի վերաքննիչ բողոքը
18:19, February 7, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն | ՈստիկանությունԱյսօր՝ 2018 թ. փետրվարի 7-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց ցուցարար Վարդան Բալյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:
Վարդան Բալյանը 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից է:
ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր նրան վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
2016 թ. նոյեմբերի 28-ին դատարանը հայցը բավարարել էր մասնակի, և ցուցարարին տուգանել 70.000 ՀՀ դրամով:
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի դիրքորոշմամբ՝ գործի փաստերով հիմնավորվում է, որ Վ․ Բալյանը 2016 թ․-ի մարտի 24-ին մասնակցել է Մաշտոցի պողոտայում անցկացվող բողոքի ակցիային, ժամը 13․45-ի սահմաններում մի խումբ անձանց հետ դուրս է եկել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով տրանսպորտային միջոցների բնականոն ընթացքը։
Դատարանի որոշմամբ՝ ճանապարհի երթևեկելի հատված դուրս գալն ու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը վթարային իրավիճակ է ստեղծել (հասարակական կարգը խախտելով), իսկ Մաշտոցի պողոտայում գտնվողներին այդտեղից դուրս գալ պահանջելը բխել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու, և ըստ այդմ՝ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման ոստիկանության լիազորություններից։